Ղազախստանի մայրաքաղաքը Նուրսուլթան անվանափոխելու որոշումն օրինական է ճանաչվել

18:26 • 22.03.19

Ղազախստանի մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան անվանափոխելու որոշումը չի խախտում օրենքը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ նման մեկնաբանությամբ մարտի 22-ին հանդես է եկել երկրի արդարադատության նախարարությունը:

Գերատեսչությունից նշել են, որ երկրի Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ Ղազախստանի մայրաքաղաքն Աստանան է: Գլխավոր օրենքում փոփոխություններ 53-րդ հոդվածի հիման վրա կարող է անել երկրի խորհրդարանը՝ նախագահի առաջարկով:

Ըստ երկրի օրենսդրության՝ ընտրված նախագահի հրաժարականի դեպքում երկրի ղեկավարի լիազորությունները ստանձնած պաշտոնյան իրավասու չէ փոփոխություններ անել Սահմանադրության մեջ: Դա հնարավոր է անել հանրապետական հանրաքվեի միջոցով, հանրաքվեին հարցը կարող է չհասնել, եթե նախագահը նախագիծը ներկայացնում է խորհրդարանի դիտարկմանը, որն էլ որոշում է ընդունում 53-րդ հոդվածի համաձայն:

Հիշեցնենք, որ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին Աստանան վերանվանելու առաջարկն արվել էր մարտի 20-ին՝ երկրի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի կողմից: Նույն օրը երկրի խորհրդարանն ընդունել էր համապաատսխան որոշումը: Իսկ ավելի ուշ gopetition.com կայքում խնդրագիր էր հայտնվել, որի հեղինակները պահանջում են Ղազախստանի մայրաքաղաք Աստանան երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին Նուրսուլթան չվերանվանել: