Ոչ մի իշխանության օրոք այսպիսի արհամարհական վերաբերմունքի չենք արժանացել. ԱԺ մաքրուհիներին առաջարկել են 40 հազար դրամ աշխատավարձ
Ազգային ժողովի մաքրուհիները բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք դժգոհ են իրենց առաջարկվող նոր աշխատանքային պայմանագրից: Նախկինում նրանք աշխատում էին օրական 2 ժամ և ստանում էին 67 հազար դրամ աշխատավարձ: Այժմ նրանց առաջարկում են 40 հազար դրամ աշխատավարձ և հավելյալ աշխատաժամեր աշխատելու դեպքում` ավելի բարձր աշխատավարձ:
«Ժողովներ, որ անում էին, չէին ասում նման բան: Մեզ հավաստիացնում էին` ձեր աշխատավարձը չի իջնելու, մի բան էլ բարձրանալու է: Ասում էին` դուք մինչև տարվա վերջ օգտվելու եք սոցփաթեթից, բայց դա էլ չկա»,- ասացին մաքրուհիները:
Նրանք նշեցին, որ 64 հոգի են և իրենցից ոչ ոք համաձայն չէ աշխատել 40 հազար դրամով: «27 հազար դրամով մեր աշխատավարձը կրճատվում է, չհաշված պարգևավճարները, սոցփաթեթը: Մեր պարգևավճարները կտրել են, բոլորին այս ամիս տվել են պարգևավճար, իսկ մեզ` ոչ»,- ասացին նրանք:
Մաքրուհիները վստահեցրին, որ եղել են օրեր, երբ իրենց նախատեսված աշխատաժամանակից երկար են աշխատել առանց վարձատրվելու: «Ոչ մի իշխանության օրոք այսպիսի արհամարհանքի չենք արժանացել, 98 թվականից աշխատում ենք այստեղ ու ոչ ոքի կողմից այսպիսի արհամարհական վերաբերմունքի չենք արժանացել: Մենք այսպիսի Հայաստան չէինք ուզում: Ամսի մեկից չենք գալու աշխատանքի, տեսնենք՝ ում են բերելու, որ երկու ժամում կատարի ամբողջ օրվա աշխատանք ու ստանա 40 հազար դրամ»,- նշեցին նրանք:










