«Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից վերակառուցվել է Մայր Աթոռի վեհարանը (տեսանյութ)
Հայաստանի ամենաայցելվող խոշոր ուխտատեղի համարվող Մայր Աթոռ տաճարը շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Այդ կարևոր կոթողներից մեկն էլ վեհարանն է, որն Ամենայն Հայոց Հայրապետի նստատեղին ու պաշտոնական գրասենյակն է։ Վեհարանի շենքը, որն ունի ավելի քան 100 տարվա պատմություն և ժամանակին կառուցվել է հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցներով, գտնվում էր, մեղմ ասած, անբարեկարգ վիճակում: Շենքի վերակառուցման աշխատանքները սկսվել են 2013 թվականից «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից և շարունակվում են մինչ այսօր:
Նախագծի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Արշակյանի ներկայացմամբ՝ չնայած նորաձև և արդիական ստանդարտներով վերանորոգմանը՝ վերակառուցման ընթացքում պահպանվել են շենքի նախնական կարևոր առանձնահատկությունները:
Բացի Վեհարանի վերակառուցումից, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից շենքին կից կառուցվել է նաև հանդիսությունների սրահ, որը մինչ այդ վեհարանը չի ունեցել: Հանդիսությունների սրահը գերհագեցած կլինի անհրաժեշտ նորարարական տեխնիկայով:
Վեհարանի վերակառուցման աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարի:










