ՀՀ վարչապետը և Ավստրիայի նախագահը քննարկել են երկկողմ տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր

21:34 • 29.03.19

 

 Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:  Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
Ավստրիայի նախագահը ջերմորեն ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Ալեքսանդր Վան Դեր Բելենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ակտիվ գործընթացների կապակցությամբ և վստահություն հայտնել, որ մեր երկիրն առաջիկա տարիների ընթացքում կընթանա ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման ճանապարհով:

Անդրադառնալով երկկողմ տնտեսական փոխգործակցությանը` Ավստրիայի նախագահը նշել է, որ իր երկիրը պատրաստ է քննարկել Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները:
 
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Ավստրիայի հետ համագործակցության խորացմամբ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական զարգացումներին, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ այդ թվում միջազգային գործընկերների օժանդակությամբ ՀՀ կառավարությունը հաջողությամբ կյանքի կկոչի իրականացվող և հետագայում նախատեսվող բարեփոխումների ծրագրերը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ավստրիական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, մտքեր փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: 
 
Վարչապետ Փաշինյանն Ավստրիայի նախագահին պատմել է նաև Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման մասին: