Հանրությանը «սև–սպիտակի» բաժանելը նախընտրական տրյուկ չէր. ԱԺ ընտրություններից հետո այս գործելաոճը շարունակվում է. Աղասի Ենոքյան
Հեղափոխության ժամանակ ժողովուրդը միասնական էր և այն ժամանակ միտումն այն էր, որ հեղափոխությունն արվում է բոլորի համար։ Սակայն հետագայում, նախընտրական պայքարի ժամանակ աստիճանաբար հրապարակ նետվեց, իսկ քաղաքապետի թեկնածու, այժմ քաղաքապետ «Կարգին Հայկոյի» կողմից արտաբերվեց «սևերի ու սպիտակների» քաղաքականությունը։
Հետագայում, նաև՝ տարբեր ընտրություններում հաղթանակներից հետո «սև-սպիտակը» կանոնիզացվեց վարչապետի կողմից, ընդ որում՝ մինչև ճյուղային դրսևորումներ, ասենք՝ «սև-սպիտակ» մամուլ։ Կառավարություն 10000 հոգու կրճատումների մասին խոսելիս ակնարկներ կային, թե կրճատելու են «սևերին», որպեսզի «սպիտակներին» աշխատանք ապահովեն։ Սա ունեցավ նաև իր ծայրահեղ դրսևորումը, երբ լրագրող-պատգամավորը մի բյուրոկրատի հրապարակավ մեղադրեց «սևության» մեջ, դրանով պայմանավորելով նախարարության վատ աշխատանքի տպավորությունը, ընդ որում հետագայում մեկնաբանություն եղավ, թե դա արվել է իր ընկերուհուն աշխատանք ապահովելու նպատակով։
Նման նպատակասլաց գունաբաժանում չի եղել նորանկախ Հայաստանի պատմության մեջ։ Իհարկե, բոլոր իշխանություններն էլ առանձնացրել են իրենց «սպիտակներին»՝ շատերը դեռ հիշում են «պոլի փետ լինի, բայց ՀՀՇ լինի» արտահայտությունը, Սերժ Սարգսյանի օրոք նկատվում էր կուսակցապետության հաստատումը, Ռոբերտ Քոչարյանի օրոք «կուսակցությունը ժողովուրդն էր», բայց նա էլ հստակ շարժվում էր իրեն լոյալ մարդկանց պետական պաշտոններին նշանակելու ուղով։
Միաժամանակ, մի մեծ տարբերություն կա՝ ընտրելով իրենց «սպիտակներին», նախկին իշխանությունները մյուսներին չէին նշավակում որպես «սևեր»՝ մարդը իրավունք ուներ չլինել ռեժիմին լոյալ, բայց չհամարվել թշնամի։ Հիմա ավելի շատ աշխատում է վաղ բոլշևիզմի «ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է» սկզբունքը։ Այսինքն, Հայաստանում կան երկու տեսակի մարդիկ՝ «սպիտակներ», ովքեր փառաբանում են Նիկոլ Փաշինյանին, և «սևեր», ովքեր քննադատաբար են մոտենում կառավարության գործունեությանը։ Իշխանությունները սիրում են «սպիտակներին», իսկ «սևերը» տեղ չունեն մեր հասարակության մեջ։
Երբ որ քաղաքապետի ընտրություններում հռչակվեց «սև-սպիտակը», այն ժամանակ դեռ արդարացնող հանգամանքներ կային՝ նոր էր եղել հեղափոխությունը, կար ձայներ գրավելու խնդիր, և նրանց, ովքեր կփորձեին դեմ քվեարկել հեղափոխական ուժին բարոյական ճնշումների էին ենթարկում։ Սակայն այս գործելաոճը շարունակվում, և խորանում է նաև Ազգային ժողովի ընտրություններից հետո, այսինքն՝ պարզվեց, որ սա նախընտրական տրյուկ չէր, մինչդեռ դա ազգին պառակտելուց ու ներքին բաժանումներ անցկացնելու բացասական հետևանքից բացի, դրական արդյունք չի կարող տալ։
Եվ ուրեմն, մի քանի ամիս առաջ, եթե դու օվսաննաներ չէիր երգում Նիկոլ Փաշինյանին, ապա դու հանրապետական էիր, հիմա դա արդեն այդքան ակտուալ չէ, և իշխանությունների քաղաքականության հետ անհամաձայնը քոչարյանական է։ Իշխանությունները չեն թողնում, որպեսզի Հայաստանում լինեն մարդիկ, ովքեր քննադատաբար մոտենալով ներկա ռեժիմին, չլինեն նախկինների «մարդը»։ Այս մոտեցումը տրամաբանական չէ, դրանով համակիրներ չես հավաքագրի, սակայն օգտագործելով նախկին ռեժիմների վատ իմիջը, կարող ես առժամանակ բարոյական ճնշմամբ լռեցնել դժգոհներին:
Մինչդեռ, ուզենք, թե չուզենք, Նիկոլ Փաշինյանը «սպիտակների» վարչապետը չէ, այլ հանրապետության բոլոր քաղաքացիների, նաև՝ նրանց, ում ինքը «սև» է համարում։ Այս դեպքում «սևերի» վիճակը դառնում է անելանելի, քանի որ ունեն ղեկավար, ով իրենց մերժում է։ Ի դեպ, եթե «սպիտակ» մեծամասնությունը կոնֆորմիստ է, և իրենց համար միևնույնն է, թե ով կլինի առաջնորդը, ապա «սևերը»՝ նրանք, ովքեր դեռ ո՛չ քոչարյանական էին, ո՛չ էլ հանրապետական, բայց չեն ուզում ընդունել նոր կրոնը, վիրավորվում են նման ճնշումներից ու ավելի են կարծրանում։ Նման մոտեցմամբ իշխանությունը ամրապնդում է նաև «սև» բևեռը՝ ուզեն-չուզեն, նրանք պետք է միավորվեն և պայքարեն Հայաստանում գոյատևելու համար։
Իշխանությունների նման անտրամաբանական մոտեցման համար անհրաժեշտ հիմնավորումները մի քանիսն են։ Նախևառաջ, ավելի դյուրին է պայքարել ընդդեմ ինչ-որ թշնամիների, քան հանուն զարգացման, իսկ «սևերի» դեմ պայքարը և՛ նման քաղաքական օրակարգ է ապահովում, և՛ շոուն։ Իհարկե, այն նաև սքողում է իրական քաղաքական օրակարգի բացակայությունը։ «Սևերը» լավագույն պատճառն են նաև իշխանությունների շարունակական ձախողումների արդարացման համար։
Հանուն արդարության պետք է նշել, որ երկու-երեք անգամ Նիկոլ Փաշինյանը բաժանարար գծերը ջնջելու վեհերոտ փորձեր է արել, սակայն զգալով այլ օրակարգի բացակայությունը, երկխոսության անհրաժեշտությունը, ինչպես նաև թշնամու կերպարի բացակայության դեպքում իր թիմի լոյալության կորստի վտանգը, շտապ վերադարձել է «սև-սպիտակ» Հայաստանի կերպարին։
Աղասի Ենոքյան










