Եթե մենք ունենք լեգիտիմ կառավարության ղեկավար, ապա իր հայտարարությունով չէ, որ ներդրողը պետք է գա, այլ պետք է լինեն հստակ կանոններ. Հակոբ Ավագյան
Հարկային նոր օրենսգրքով տնտեսական հեղափոխություն ապահովելու մասին խոսում է փաստաթղթին կից ազդեցության գնահատականը, և պետք է ասել, որ ոգևորիչ թվեր չեն. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի նախկին տեղակալ, ՓՄՁ ասոցիացիայի հիմնադիր-խորհրդի անդամ Հակոբ Ավագյանը:
Ընդհանուր հարկային համահարթեցման ճանապարհով գնալու մոտեցմանն անդրադառնալով՝ Հակոբ Ավագյանն ասաց, որ պետք է հասկանալ, թե ինչ հարց են լուծում դրանով: «Եթե, օրինակ, լուծվող խնդիրներից մեկը ստվերը կրճատելն է, որը կոնկրետ գերփոքրերի դեպքում, որոնք մինչև 150 000 դրամ ստացող սեգմենտի հետ գործ ունեն, այդտեղ նման խնդիր չկա, այսինքն՝ այդ խնդիրը չի լուծվում»,-ասաց նա:
Խոսելով միկրոձեռնարկատիրություններին հարկերից ազատելու բարեփոխումներից՝ Հակոբ Ավագյանը նշեց, որ դա, իհարկե, լավ է, բայց ամենևին էլ նորություն չէ: «Որովհետև այս պահին գործող ունենք մինչև 18 մլն ընտանեկան ձեռնարկատիրությունը հարկերից ազատելու ռեժիմ, այս փաթեթով մի փոքր լավացվում է դրանից օգտվելու արտոնությունը, միևնույն ժամանակ վատացնում»,-ասաց նա և բացատրեց, թե ինչու:
«Լավացնում է այն իմաստով, որ ընտանեկան հարկերից ազատելու ռեժիմը, որ այս պահին գործում է՝ իրավունք ունեն օգտվել բացառապես այն բիզնեսները, որոնք վարում են ընտանիքի անդամները, նոր փաթեթով միկրոձեռնարկատիրությունում թույլ է տրվում օգտվել այն բիզնեսները, որոնք անկախ ընտանիքի անդամից ներգրավված են»,-ասաց նա: Նա նաև դրական համարեց այն, որ 18-ից 24 մլն-ի շեմն է ավելացվում: «Որը, իհարկե, չեմ ասի էական է, բայց այդուհանդերձ դրական փոփոխություն է»,-ասաց նա:
Վատ նորությունն այն է, ըստ նրա, որ սահմանափակում է դրվում, որ այսօրվա գործող ընտանեկան ձեռնարկատիրական ռեժիմից կարող են օգտվել մարկետինգային, խորհրդատվական ընկերություններ, իսկ այլ ոլորտում միկրոյում գործողություն ծավալողի դեպքում դա հանվում է: «Այսինքն՝ սկսնակ դիզայներական և այլ համանման ծառայությունները չեն կարող օգտվել ազատ հարկման ռեժիմից, որն ինձ թվում է ևս մեկ անգամ պետք է քննարկել, արդյոք մենք, որ ասում ենք ներառական տնտեսական աճ, ո՞ր ճյուղերին նկատի ունենք, պարզվում է բացի արտադրությունից նկատի ունենք նաև նման ճյուղեր, որոնք ինքն իրեն արտահանվող ճյուղեր են»,-ասաց նա և հույս հայտնեց, որ խորհրդարանում պատգամավորները նման առաջարկություն կանեն և տեղեկացրեց, որ ՓՄՁ աշխատանքային խումբ է ստեղծել, որտեղ այդ հարցերը ներկայացվել են:
Ինչ վերաբերում է առանձին տնտեսվարողների մոտ եղած դժգոհություններին՝ ասաց, որ դա արդյունք է այն բանի, որ նմանատիպ նախագծերը պատշաճ չեն քննարկվում և չունենք ընդհանուր տեսլական, որ դա բխի ընդհանուր տեսլականից:
Անդրադառնալով ներդրումների ակնկալիքներին, ասաց, որ դրանք ընդամենը 0.8 կետային աճ են ունեցել, որոնք, ըստ էության, այդքան էլ մեծ թվով աճ չեն կարող համարվել:
Իսկ թե դաշտը ձևավորվա՞ծ է ներդրումներ կատարելու համար, ասաց որ հարկայինը կարևոր օրենսդրական կտորն է, բայց այնտեղ այլ հարցեր էլ կան, ինչպես օրինակ՝ ներդրումների շահերի պաշտպանության և այլնի մասով, որպեսզի անձերից կախված չլինի պաշտպանությունը ներդրման: «Այսինքն` եթե մենք ունենք այսօր լեգիտիմ կառավարության ղեկավար, ապա իր հայտարարությունով չի, որ ներդրողը պետք է գա, այլ պետք է լինի հստակ կանոններ, որ եթե ինչ-որ բան խնդիր ունենա, ապա իր խնդիրը լուծելի լինեն, այսինքն՝ այդ ինստիտուտները լինեն ներդրումների շահերի պաշպանության»,-ասաց նա:










