Քննարկում Օպերայում. անձնակազմը դեմ է Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելուն (տեսանյութ)

16:05 • 30.03.19

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը հավաքվել է՝ քննարկելու մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի կողմից թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ազատման հարցը:


Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանի աշխատանքից ազատվելու մասին լուրը հայտնի է դարձել երեկ:

Կոնստանտին Օրբելյանը պնդում է, որ նախարարությունն իրեն նախապես այդ մասին չի տեղեկացրել։ «Նազենի Ղարիբյանը 9 ամիս փորձում է այնպես անել, որ ես հեռանամ: Գուցե սա ինչ-որ անձնական վերաբերմունք է, գուցե ես նրան դուր չեմ գալիս»,- ասել է նա և նշել, որ կոլեկտիվը կորոշի՝ ինչպես է լինելու հետագան, ինչպես է թատրոնը շարունակելու իր աշխատանքը:

«Ես շատ ջանք եմ ներդրել թատրոնի աշխատանքներում, առաջիկայում բազում պլաններ կան: Նա ինձ չի զանգել: Մենք ստացել ենք պաշտոնական տեղեկանք: Ես չեմ պատրաստվում նրա հետ կապ հաստատել, նա իր պաշտոնական դիրքորոշումը արտահայտել է»,- ասել է  նա և ավելացրել, որ այս հարցով դիմելու են դատարան, և սպասվում է մեծ դատ, քանի որ իր ազատման պատճառներն անհիմն են:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը երեկ այցելել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ հանդիպելով թատրոնի աշխատակիցների հետ։ Լսելով ներկաներին՝ Նազենի Ղարիբյանը ասել էր, որ Օրբելյանին ազատելու իր որոշումն օրենքի պահանջ է եղել: Նա տեղեկացրել է նաև, որ արդեն նշանակել է նոր տնօրենի:

Հանդիպումից հետո նա պատասխանել էր նաև լրագրողների հարցերին՝ ասելով. «Պարոն Օրբելյանը տնօրեն է նշանակվել օրենքի խախտումներով: Մենք փորձել ենք այս ամիսների ընթացքում հասկանալ՝ ինչպես կարող ենք այս խնդիրը լուծել: Կա օրենքի պահանջ, որը պետք է կատարել»:

Նա նաև նշել էր, որ Արդարադատության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններից պարզել են, որ տնօրենն իրավունք չունի այլ աշխատանք զբաղեցնել բացի ստեղծագործական, մանկավարժական և գիտական գործունեությունից: «Մենք միաժամանակ պարզել ենք նաև, որ գեղարվեստական ղեկավարը ղեկավար պաշտոն է, ստեղծագործական չէ: Այսինքն՝ թյուրիմացաբար մինչև հիմա ընկալվել է այդպես»,- ասել էր նա՝ բացառելով այս հարցում որևէ միտումնավոր քայլ:

Լրագրողի հարցին, թե ով է օպերային թատրոնի նոր տնօրենը, Ղարիբյանը պատասխանել էր, որ այդ մասին կիմանան երկուշաբթի՝ ապրիլի 1-ին: