Բռնությունն ու ահաբեկչությունը վիրավորում են ցանկացած կրոնն ու աստծուն. Հռոմի պապը ելույթ է ունեցել Մարոկկոյում

22:04 • 30.03.19

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վստահ է, որ չի կարելի թերագնահատել կրոնի դերակատարությունը մարդկանց միջև կամուրջներ կառուցելիս, իսկ ծայրահեղականության ցանկացած դրսևորում վիրավորում է կրոնն ու աստծուն: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին քահանայապետն ասել է Ռաբաթում՝ ելույթ ունենալով թագավոր Մուհամմեդ VI-ի, երկրի ղեկավարության և քաղաքացիական հանրության առաջ:

«Անհրաժեշտ է ծայրահեղականությանը հակադրել բոլոր հավատացյալների համերաշխությունը՝ հենվելով ընդհանուր արժեքների վրա: Ծայրահեղականության ցանկացած ձև, որը հանգեցնում է բռնության և ահաբեկչության, վիրավորում է կրոնն ու աստծուն: Երկխոսության մեջ չի կարելի թերագնահատել կրոնի դերը, որը կամուրջի դեր է կատարում մարդկանց միջև», - ասել է Ֆրանցիսկոս պապն՝ ընդգծելով, որ «համերաշխության և եղբայրույթյան» սկզբունքով կյանքը ենթադրում է հարգանքի դրսևորում տարբերությունների նկատմամբ:

Մարոկկոն Հռոմի պապն անվանել է «բնական վայր Աֆրիկայի և Եվրոպայի միջև» և չափավոր իսլամի քարոզչության օրինակ:   

Ֆրանցիկոս պապը դարձել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու երկրորդ ղեկավարը, որն այցելել է Մարոկկո: Նրանից առաջ նման այց կատարած միակ պապը Հովհաննես Պողոս II է եղել, որն աֆրիկյան երկիր այցելել էր 1985-ին: