2018 թ. Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի եկամուտը կազմել է 12 մլն դրամ. հայտարարագիր
Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018 թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողով ներկայացված փաստաթղթի համաձայն՝ Չարենցավան համայնքի ղեկավարի հայտարարագրում անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Շահգալդյանը հարկային տարվա սկզբում հայտարարագրել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի մեկ միջոց՝ HYUNDAI SONATA 2.4, որն արդեն օտարվել է հարկային տարվա ավարտին՝ 3,200,000 ՀՀ դրամով:
Հակոբ Շահգալդյանի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 38,000,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 17,000,000 ՀՀ դրամ:
Չարենցավանի ղեկավարի դրամական միջոցները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից, վարձակալության դիմաց ստացված վճարներից, ստացված փոխառություններից, շահաբաժնից և գույքը օտարելուց ստացված եկամտից:
2018թ., որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, Շահգալդյանը ստացել է 3,875,717 դրամ, ինչպես նաև 720,000 դրամ՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար, 2,000,000՝ որպես ստացված փոխառություն, 2,700,000՝ որպես շահաբաժին և 3,200,000՝ որպես գույքը օտարելուց ստացված եկամուտ:
Արդյունքում՝ 2018 թ. ընթացքում Շահգալդյանի եկամուտը կազմել է 12,495,717 դրամ:










