Սաուդյան Արաբիան հաքերային հարձակմամբ կոտրել է աշխարհի ամենահարուստ մարդու սմարթֆոնը

16:57 • 31.03.19

Ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը, որն ավելի քան 130 մլրդ դոլար կարողությամբ աշխարհի ամենահարուստ մարդն է ճանաչվել, նոր մանրամասներ է հայտնել ավելի վաղ իր նկատմամբ իրագործված հաքերային հարձակման մասին:

Ինչպես նշում է The Guardain-ը, միլիարդատերը մանրամասնել է, որ հարձակման հետևում կանգնած է Սաուդյան Արաբիայի կառավարությունը: Բեզոսի խոսքով՝ սաուդացիները կոտրել են իր սմարթֆոնն ու հասանելիություն ստացել դրանում եղած անձնական տեղեկության նկատմամբ:

Հարձակումը տեղի է ունեցել տարեսկզբին, երբ պարզվել է, որ Բեզոսը, պաշտոնապես ամուսնացած լինելով հանդերձ, սիրավեպ ունի հաղորդավարուհի Լորեն Սանչեսի հետ: Հաքերային հարձակման հետևանքով զույգի ինտիմ նամակագրությունն արտահոսել է համացանց:

Միլիարդատիրոջ՝ անվտանգության գծով խորհրդական Գևին դե Բեքերը նշել է, որ Բեզոսը սաուդացիների թիրախում է հայտնվել հայտնի այլախոհ, ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո: Հայտնի է, որ Խաշոգջին աշխատում էր Բեզոսին պատկանող Washington Post պարբերականում ու հաճախ քննադատում էր Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքին: Տարբեր աղբյուրներ կասկածում են, որ լրագրողի սպանության պատվիրատուն թագաժառանգ Մոհամադ բին Սալմանն է: