Ուկրաինայում մեկնարկել են նախագահական ընտրությունները. առաջադրված է 39 թեկնածու

10:34 • 31.03.19

Մարտի 31-ին Ուկրաինայում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Երկրով մեկ բացվել են քվեարկության համար նախատեսված ընտրատեղամասերը, որոնք գործելու են մինչ երեկոյան ժամը 20:00-ն:

Ինչպես հաղորդում է ria.ru-ն,  ընտրություններին մասնակցում են ռեկորդային քանակով թեկնածուներ՝ 39 մարդ, այդ թվում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Ըստ վերջին տվյալների՝ թեկնածուների շարքում առաջատարը շոումեն, երգիծաբան Վլադիմիր Զելենսկին է, որի վարկանիշն ընտրություններից մեկ շաբաթ առաջ գերազանցում էր 30%-ը: Մինչդեռ Պորոշենկոյին պատրաստ է իր քվեն տալ ուկրաինացիների մոտ 17%-ը: Ինչ վերաբերում է  ընդդիմադիր գործիչ Յուլյա Տիմոշենկոյին, ապա նրան պատրաստ է աջակցել քաղաքացիների 12,5%-ը:

Սոցիոլոգների կանխատեսմամբ՝ երկրի ղեկավարն ընտրվելու է ընտրությունների 2-րդ փուլի արդյունքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների վերջնական արդյունքները պետք է հայտարարի մինչ ապրիլի 10-ը, սակայն նախնական արդյունքները կարող են հայտնի լինել արդեն ապրիլի 1-ի առավոտյան: Եթե թեկնածուներից մեկը չհավաքի ձայների կեսից ավելին, ապա ապրիլի 21-ին կկայանա ընտրությունների 2-րդ փուլը: