Մեղրու լեռնանցքում, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում ձյուն է տեղում

17:34 • 31.03.19

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին, ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-Զանգեր ավտոճանապարհը (բքի պատճառով) և Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհները փակ են:

Դժվարանցանելի են  Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, իսկ Դիլիջանի ոլորանները, Սարավան-Զանգեր ավտոճանապարհը և Երևան-Մեղրի ավտոճանապարհի (Մ-2) 148-րդ կմ-ից դեպի Ջերմուկ հատվածը  դժվարանցանելի են կցորդիչով ավտոմեքենաների համար:

Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Մեղրու լեռնանցքում և Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս-Քաջարան հատվածում, Մեղրու լեռնանցքում մառախուղ է,  Գյումրի-Աշոցք, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: