38,000 ԱՄՆ դոլար. Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը ներկայացրել է 2018թ. տարեկան հայտարարագիրը
Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ դեսպանի հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Կ. Գրիգորյանը հարկային տարվա սկզբում փոխառության է հանձնել 4,000,000 ՀՀ դրամ, որի չափն անփոփոխ է մնացել հարկային տարվա ավարտին: Հարկային տարվա սկզբում դեսպանը փոխառության է հանձնել նաև 28,998 ԱՄՆ դոլար, տարվա ընթացքում փոխառության է հանձնել ևս 20,000 ԱՄՆ դոլար, ապա վերադարձրել 11,570 դոլար: Այսպիսով՝ հարկային տարվա ավարտին դեսպանի փոխառությունը կազմել է 37,765 ԱՄՆ դոլար:
Դեսպանի` ԱՄՆ դոլարով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 28,998 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում կազմել է 5,000 ԱՄՆ դոլար:
Դեսպան Գրիգորյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից և տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից և այլ հատուցումներից:
2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ դեսպանը ստացել է 37,570 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 347 ԱՄՆ դոլար՝ որպես տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում: Այսպիսով՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանի տարեկան եկամուտը կազմել է 37,919 ԱՄՆ դոլար:










