Վարչապետը և Օպերայի թատրոնի ներկայացուցիչները համաձայնության են եկել. թատրոնը ժամանակավոր կղեկավարի փոխտնօրենը (տեսանյութ)
12:10
Ավարտվել է վարչապետի և Օպերային թատրոնի ներկայացուցիչների հանդիպումը: Նրանք հանդիպումը գնահատում են արդյունավետ:
Համաձայնություն է ձեռք բերվել վարչապետի հետ, որ Օպերայի թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխտնօրենը: «Դրսից տնօրեն չեն բերելու, փոխտնօրենը կկատարի պարտականությունները, Օրբելյանն էլ կմնա գործադիր ղեկավար»,- ասաց թատրոնի աշխատողներից մեկը:
Նրա խոսքով՝ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանը շատ մեծ քանակով փաստարկներ է ներկայացրել վարչապետին, թե ինչու չպետք է Օրբելյանը մնա թատրոնի տնօրեն: «Վարչապետը մեզ ասաց, որ մեզ կտա նախարարի պաշտոնակատարի կողմից ներկայացված փաստարկները, և մենք պետք է գրավոր ներկայացնենք մեր հակափաստարկները, ինչից հետո նոր հանդիպում կլինի վարչապետի հետ»,- պատմեց վարչապետի հետ հանդիպած թատրոնի ներկայացուցիչը և հավելեց. «Պարոն վարչապետն ասաց, որ եթե պարզվի, որ ներկայացրած փաստարկները չեն համապատասխանում իրականությանը, թեկուզ մեկ կետը կեղծ է, անմիջապես ներկայացողը կպատժվի, կազատվի աշխատանքից»:
Նա հավելեց, որ հանդիպման արդյունքները գոհացնում են իրենց:
11:47
Օպերային երգչուհի Մարինե Դեինյանը Օպերայի թատրոնի աշխատակցիների բողոքի ակցիայի ժամանակ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց պահանջն արդարությունն է:
«Այն, ինչ կատարվում է, շատ անարդար է այն առումով, որ եթե իրենք ասում են՝ իրավական սխալ է տեղի ունեցել, բայց սխալի արդյունքում մենք այսօր ունենք ծաղկած Օպերա: Նշանակում է, եթե նույնիսկ սխալ է, ապացուցված է, որ դա սխալ չէ, որովհետև ժամանակին հատուկ օրենք է ընդունվել և օրենքի համաձայն է մարդն ընդունվել օպերային թատրոն: Եթե նույնիսկ սխալ օրենք է ընդունվել, ապա պետք է նայել արդյունքին և թույլ տալ շարունակել մեր աշխատանքը»,- ասաց երգչուհին:
Նա նշեց, որ իր համար Նազելի Ղարիբյանը ոչ կոմպետենտ մի կին է, որը չի տարբերում «Գայանե» բալետը «Կարինե» օպերայից և ասում է՝ Մոսկվայում «Կարինե» բալետն է դիտել, ասում է՝ դա թատրոն չէ, ասում է՝ օպերան թատրոն չէ: «Այդ ոչ կոմպետենտ մարդն իր ամբիցիաները բավարարելու համար անում է այս ամենը: Նախորդ նախարարն էր սկսել պրոցեսը, մենք գիտենք, թե ովքեր են սրա հրահրողները, ովքեր են փորձում մեր կոլեկտիվին դնել այս վիճակի մեջ: Մենք ենք աշխատում, մենք գոհ ենք այդ մարդուց, և մենք ուզում ենք, որ նա լինի մեր կողքին, այլ ոչ ուրիշ մեկը»,- ասաց նա:
Ապա Օպերայի թատրոնի աշխատակիցները ևս մեկ անգամ նշեցին, որ իրենց պայքարը անձերի դեմ չէ: «Մենք չենք ասում՝ այս տնօրենը թող չլինի, նա լինի: Մեր ասածն այն է՝ եթե նման բան հանդուրժվի, ապա հետևանքները լավ չեն լինի, արդեն ընթացք կհավաքի և դրա դեմն առնել չի լինի ուղղակի»,- ասաց նրանցից մեկը:
Դիտարկմանը՝ Օրբելյանը շարունակելու է մնալ գեղարվեստական ղեկավարի պաշտոնին, հնարավոր չէ՞ այդպես շարունակել նույն ընթացքը, աշխատողներից մեկը նշեց, որ խանգարողներ կլինեն, որովհետև եթե նոր տնօրեն նշանակվի, որը թատրոնի գործընթացից անտեղյակ չլինի և հակառակ ձևով աշխատանք տարվի, լավ չի լինի: «Հազիվ նոր սկսել է Օպերան շնչել և վերականգնել իր՝ ժամանակին ունեցած փառքը, եթե այս ընթացքով շարունակվի, մենք շատ ավելի մեծ արդյունք կտանք»,- ասաց նա:
Մեկ այլ մշակույթի գործիչ էլ հավելեց, որ Օրբելյանն ուրախ կլիներ միայն գեղարվեստական մասով զբաղվել, բայց իր հեղինակությունը, հնարավորությունը, իր գործունեությունը շատ ավելի լայն է: Մշակույթի գործիչները պնդում են, որ Օրբելյանի գալուց հետո Օպերայի թատրոնը սկսել է շնչել, և դրա համար պետական միջոցներ չեն ծախսվում: «Օրբելյանն օգտագործում է իր կապերը, իր միջոցները»,- նշեցին նրանք:
11:07
Օպերայի թատրոնի աշխատակիցների բողոքի ակցիային ներկայացել են նաև ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանը և Աննա Կոստանյանը: Լրագրողների հետ զրույցում Գորգիսյանը նշեց, որ նման հարցերն այս կերպ չի կարելի լուծել:
«Տեսնում եք՝ ոլորտի ներկայացուցիչները բողոքում են, բոլորը դժգոհ են և առաջին հերթին պետք էր հենց Օրբելյանի հետ խոսել, լսել, հասկանալ, թե ինչ է կատարվել առհասարակ և ճիշտ գնահատականը տրվեր»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ այս ամենից ելնելով՝ իրենք պնդում են, որ Մշակույթի նախարարությունը պետք է մնա և մշակույթի նախարարը դեռ անելիքներ ունի:
Դիտարկմանը՝ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանը պնդում է, որ Օրբելյանը օրենքի խախտմամբ է նշանակվել, Գորգիսյանը ասաց. «Հասկանում եմ, բայց դեպքեր կան, երբ օրենքները կարելի է փոխել»:
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն էլ, ով ԱԺ կրթության, գիտության, մշակույթի մշտական հանձնաժողովի անդամ է, լրագրողների հետ զրույցում ասաց, որ նամակով դիմել է Մշակույթի նախարարություն, որպեսզի պարզաբանեն ավելի հստակ:
«Կատարվածի hետ կապված ենթատեքստեր չեմ ուզում փնտրել, բայց նախարարին, կարծում եմ, կարիք կլինի հրավիրել հանձնաժողով»,- ասաց Կոստանյանը:
10:49
Իմ անունը շրջանառվեց, որովհետև նոյեմբերին առաջարկ եղել է որոշ արտիստների կողմից. այս մասին կառավարության դիմաց Օպերայի աշխատակիցների բողոքի ակցիայի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ վերջինիս անունն էր շրջանառվում որպես Օպերայի թատրոնի տնօրեն:
«Ես պետական առաջարկ չէի ստացել, Նազելի Ղարիբյանից էլ առաջարկ չեմ ստացել: Ես նույնիսկ ասել եմ, որ պետք է Օրբելյանի հետ խոսել, հասկանալ: Այդ թղթաբանությունով մի քիչ սխալ է մեծ արտիստի հետ խոսելը, որովհետև մաեստրո Օրբելյանը մեծ արտիստ է, և կարծում եմ՝ ինքը պետք է Հայաստանին և հայ մշակույթին»,- ասաց նա:
Հարցին՝ իրեն տեսնո՞ւմ է այդ պաշտոնում, կարո՞ղ է կատարել այդ պարտականությունը, նա պատասխանեց. «Կարող է, կարող եմ, բայց շատ հարցեր կան, որ պետք է ճիշտ քննարկել: Ես երեկ հայտարարություն եմ արել, որ ճիշտ վերաբերմունք չեն ցուցաբերել, գրագետ չեն խոսել մաեստրո Օրբելյանի հետ»:
10:33
Կառավարության շենքի առջև Օպերայի թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անում մշակույթի նախարարության պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի՝ թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից հեռացնելու որոշման դեմ:
Նրանք նշում են, որ իրենց պայքարը անձի դեմ չէ: «Մենք չենք պայքարում, թե ով է լինելու այդ մարդը, մենք պայքարում ենք նրա դեմ, որ մեր հանրապետության կառավարությունը չի հասկանում՝ արդեն խոչընդոտ է, երբ գալիս է թատրոնի տնօրեն, որի ձեռքում են կառավարական բոլոր լծակները,թատրոնում այդպես չէ, դա չի գործում, դա խանգարում է թատրոնի ստեղծագործական կյանքին»,- ասաց աշխատակիցներից մեկը:
Նրանք հույս հայտնեցին, որ իրենց ձայնը կարող են լսել և հասկանալ իրենց: Նաև ընդգծեցին՝ ակնհայտ է, որ թատրոնը Օրբելյանի գալուց հետո զարգացման փուլում է: «Վերջին վեց ամսվա ընթացքում 6 պրեմիերա ենք արել»,- ասացին նրանք:
Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցներից երկուսին կառավարությունից հրավիրեցին զրուցելու: «Մեզ կանչում են վարչապետի մոտ»,- ասացին նրանք:
Աշխատակիցները նաև նամակ էին պատրաստել, որտեղ արտահայտել են իրենց բողոքը: Նամակը ևս վերցրեցին փոխանցելու կառավարությանը:
10:22
Մշակութային գործիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց՝ դեմ արտահայտվելով թատրոնի նոր տնօրենի նշանակմանը:
Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանի աշխատանքից ազատվել են մարտի 28-ին: Կոնստանտին Օրբելյանը պնդում է, որ նախարարությունն իրեն նախապես այդ մասին չի տեղեկացրել։ «Նազենի Ղարիբյանը 9 ամիս փորձում է այնպես անել, որ ես հեռանամ: Գուցե սա ինչ-որ անձնական վերաբերմունք է, գուցե ես նրան դուր չեմ գալիս»,- ասել է նա և նշել, որ կոլեկտիվը կորոշի՝ ինչպես է լինելու հետագան, ինչպես է թատրոնը շարունակելու իր աշխատանքը:
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը երեկ այցելել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ հանդիպելով թատրոնի աշխատակիցների հետ։ Լսելով ներկաներին՝ Նազենի Ղարիբյանը ասել էր, որ Օրբելյանին ազատելու իր որոշումն օրենքի պահանջ է եղել: Նա տեղեկացրել է նաև, որ արդեն նշանակել է նոր տնօրենի:










