Նոր վթար Հրազդանի ձորում. «Արզնի 1- Երևան» ջրատարի աշխատանքը 36 ժամով կդադարեցվի

15:19 • 01.04.19

Հրազդանի ձորում նոր վթար է եղել: «Արզնի 1 - Երևան» մայրուղային ջրատարը վթարվել է: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջրից»:

Երեկ երեկոյից լարված իրավիճակ է եղել «Վեոլիա Ջրի» Աշտարակում գտնվող Կենտրոնական կարգավարական ծառայությունում:

Չափիչ սարքերը ցույց են տվել ջրի ճնշման շարունակական անկում «Արզնի 1 - Երևան» մայրուղային ջրատարում, որով ինքնահոս եղանակով ստացվում է 835 լիտր ջուր վայրկյանում: Առավոտյան դեմ հոսակորուստը հասել է 250 լիտրի: Ակնհայտ էր, որ խոսքը ջրատարի վթարի մասին է: Ընդ որում ավելի խոշոր, քան շաբաթ առավոտյան գրանցված «Արզնի 2 – Երևան» խողովակաշարինը:

Այդ ընթացքում ջրատարից սնուցվող մայրաքաղաքի Արաբկիր, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում անխափան ջրամատակարարում ապահովելու համար կարգավարները իրար հետևից վերագործարկել են պահուստային պոմպերը Կաթնաղբյուրի ու Գառնու աղբյուրներում՝ համապատասխան չափով ավելացնելով Երևան մղվող ջրի քանակը:

Դրանով պայմանավորված՝ սպառողներն այսօր 12.00-ի դրությամբ ջրի պակաս չեն ունեցել: Իսկ մինչ այդ «Վեոլիա Ջրի» «Արևմուտք» տարածաշրջանային տնօրինության մասնագետներն ուսումնասիրել էին «Արզնի 1 - Երևան» մայրուղային ջրատարն ու եկել եզրակացության, որ դրա կանգառն անխուսափելի է: Ընդ որում, մինչև 36 ժամով:

Այսպիսին է ներկայումս իրավիճակը Հրազդանի ձորում: Այնուամենայնիվ, ջրմուղագործերն աշխատում են խողովակաշարի վրա անընդհատ ռեժիմով: Կա բավարար տեխնիկա, ծախսանյութ ու մասնագետներ:

Ասենք նաև, որ, ընդհանուր առմամբ, տվյալ մայրուղային ջրատարով մայրաքաղաքը ստանում է հասանելիքի 11,5%-ը, բայց 12.00-ից ջրամատակարարման ընդհատման պատճառով ջուր չունի սպառողների միայն 4%-ը: Մնացածները ջուր ստանում են ջրամբարներից, ինչպես նաև նշված Կաթնաղբյուրից ու Գառնիից մղվող լրացուցիչ ջրաքանակի վերաբաշխման շնորհիվ: Հուսով են, որ մնացածների կենցաղային անհարմարությունն էլ երկար չի տևի: «Արևմուտքից» խոստանում են անել հնարավորինս, հայտարարված՝ ապրիլի 2, ժամը 24.00 ժամկետից շուտ «Արզնի 1 - Երևան» ջրատարի վերագործարկման համար: