Արմավիրի մարզի Արշալույս համայնքի բնակիչները ճանապարհ են փակել, պահանջում են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ

14:31 • 01.04.19

Արմավիրի մարզի Արշալույս համայնքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել` փակելով Արմավիր-Երևան ճանապարհը: Նրանք պահանջում են, որ անցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Այս պահին Արշալույսի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը Կարեն Սիմոնյանն է՝ համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի տեղակալը:

«Արդեն 2 ամիս է՝ համայնքապետարանը փակ է, բայց խնդրին լուծում չի տրվում: «Տեղակալն էլ է գող, նրան պետք է գողության համար դատել»,- նշում են բնակիչները:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի` արշալույսցիների հետ հանդիպումից հետո, նրանք համաձայնեցին ճանապարհը բացել:

Արշալույսցիների խոսքով` մարզպետը նշել է, որ գյուղապետի դեմ քրեական գործ է հարուցված, քննություն է ընթանում, և պետք է սպասել մինչև այն ավարտվի:

«Մենք դեմ ենք, որ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը գյուղապետի տեղակալ Կարեն Սիմոնյանը լինի: Ասում ենք՝ թեկուզ մարզպետարանից ինչ-որ մեկին բերեք, թող ժամանակավոր ղեկավարի, մինչև տարվա վերջում ընտրություններ լինեն»,- նշեցին արշալույսցիները։

Նշենք, որ Զարզանդ Գրիգորյանը 2008 թվականի մայիսի 25-ից Արշալույսի համայնքապետն է: Զարզանդ Գրիգորյանի հրաժարականի պահանջով արշալույսցիները բողոքի ակցիաներ են իրականացնում: Արդեն երկու ամիս է՝ գյուղացիները թույլ չեն տալիս բացել գյուղապետարանը։

Tert.am-ի հետ զրույցում Զարզանդ Գրիգորյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: