Որքա՞ն գումար է Ոստիկանությունը 2019 թ. նախատեսել հատկացնել «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին մատուցվող ծառայությունների դիմաց
ՀՀ Ոստիկանությունը «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանն այս տարվա ընթացքում մատուցվող հավատարմագրային կառավարման ծառայությունների` արագաչափերի և նկարահանման տեսախցիկների համակարգի դիմաց, նախատեսել է վճարել 2 մլրդ 858 մլն դրամ, որից աշխատողների աշխատավարձի տարեկան ֆոնդը 1 մլրդ 245 դրամ կամ 43.6 % տոկոսն է: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ոստիկանությունից:
Մասնավորապես, մեր հարցին՝ որքան գումար կվճարի Ոստիկանությունը «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանն այս տարվա ընթացքում մատուցվող հավատարմագրային կառավարման ծառայությունների` արագաչափերի և նկարահանման տեսախցիկների դիմաց, Ոստիկանության պատասխանում նշված է.
«Ինչպես սահմանված է ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 26-ի «Գնման պայմանագիրը դադարեցնելու և գույքն ի շահ Հայաստանի Հանրապետության հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» թիվ 90-Ա որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով, Ոստիկանությունը ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողության համակարգերի միջոցով նշանակված տուգանքների փաստացի գանձումներից (կամ այլ կերպ ասած՝ ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցներից) հատուցում է հավատարմագրային կառավարման հանձնված համակարգերի կառավարման, շահագործման և տեխնիկական սպասարկման նպատակով փաստացի կատարված ծախսերը: Ճանապարհային ոստիկանության 2019 թվականի արտաբյուջետային միջոցների նախահաշվով ծախսերի ծրագրային ցուցանիշը սահմանվել է 2 մլրդ 858,0 մլն դրամի չափով, որից աշխատողների աշխատավարձի տարեկան ֆոնդը՝ 1 մլրդ 245 դրամ կամ 43.6 %»:
Իսկ մեր այն հարցին, թե որքան է կազմել անցած տարի նույն ծառայության դիմաց վճարած գումարը, Ոստիկանությունից հայտնել են, որ 2018 թվականին էլ է նախատեսված եղել 2 մլրդ 8585 մլն դրամ, բայց փաստացի հատուցվել է 2 մլրդ 387 մլն 500 հազար դրամ, որից աշխատողների աշխատավարձերի գծով՝ 1 մլրդ 238 մլն է կազմել կամ 51.9%-ը:
Միևնույն ժամանակ Ոստիկանությունից հայտնել են, որ 2018 թվականին ծառայությունների մատուցման որոշակի ծախսեր հատուցման չեն ներկայացվել, դրանց հատուցումը, փոխադարձ համաձայնությամբ պայմանավորելով, հավատարմագրային կառավարչի՝ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նկատմամբ հարուցված քրեական գործի արդյունքներով:
«ՀՀ ոստիկանությունը հավատարմագրային կառավարման ծառայությունները՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 954-րդ հոդվածի և «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասին 1-ին կետի հիման վրա ձեռք է բերել ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 26-ի «Գնման պայմանագիրը դադարեցնելու և գույքն ի շահ Հայաստանի Հանրապետության հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» թիվ 90-Ա որոշմամբ»,- ասված է ոստիկանության պատասխանում:
Իսկ, թե որքան է կազմում հավատարմագրային կառավարչի վարձատրությունը, Ոստիկանությունից պատասխանել են. «ՀՀ կառավարության վերը նշված որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով հավատարմագրային կառավարչի վարձատրությունը սահմանված է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողության համակարգերի միջոցով նշանակված տուգանքների փաստացի գանձումների և նշված հատուցման գումարների տարբերության 10 %-ի չափով: Ըստ այդմ՝ ճանապարհային ոստիկանության 2019 թվականի արտաբյուջետային միջոցների նախահաշվով վարձատրության չափի ծրագրային ցուցանիշը կազմում է 314,2 մլն դրամ»:
Ամալյա Առաքելյան










