Ռեյվա. Ճապոնիայում նոր կայսերական դարաշրջան է սկսվելու

12:34 • 01.04.19

Ճապոնիան ապրիլի 1-ին հայտարարել է երկրում կայսերական նոր դարաշրջանի անունն ու դրա պաշտոնական մեկնարկի օրը:

Ինչպես հայտնում է Reuters-ը, Ռեյվա դարաշրջանը կսկսվի մայիսի 1-ից, երբ թագաժառանգ Նարուհիտոն ստանձնի կայսեր պաշտոնը:

Հայտնի է, որ Նարուհիտոն գահը ժառանգելու է հորից՝ կայսր Ակիհիտոյից, որն ապրիլի 30-ին կհայտարարի գահից հրաժարվելու մասին՝ այդպիսով վերջ դնելով 31 տարի տևած Հեյսեյ կայսերական դարաշրջանին:

Աղբյուրը մանրամասնում է, որ կայսերական դարաշրջանի անվանումն օգտագործվում է փաստաթղթերում, թերթերում, օրացույցերում, ինչպես նաև մետաղադրամների վրա: Չնայած, որ Ճապոնիան օգտագործում է նաև արևմտյան օրացույցը, սակայն շատերը տարիները հաշվելու համար նախընտրում են օգտագործել կայսերական դարաշրջանն ու երբեմն փորձում են արևմտյանը համադրել ավանդականի հետ:

Ճապոնիան կայսերական դարաշրջանի օրացույցային համակարգը փոխառել է Չինաստանից՝ 1300 տարի առաջ: