Սաակաշվիլին մտափոխվել է ապրիլի 1-ին Ուկրաինա վերադառնալու հարցում

11:06 • 01.04.19

Վրաստանի նախկին նախագահ, ուկրաինական «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ ապրիլի 1-ին՝ Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններից հետո, չի վերադառնա Ուկրաինա, ինչպես խոստացել էր ավելի վաղ, գրում է tass.ru-ն:

«Ես ասել էի, որ կգամ Ուկրաինա, եթե գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն չանցնի ընտրությունների երկրորդ փուլ: Դեռ դա չեմ տեսնում»,- ասվում է Սաակաշվիլիի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է «Նովոյե Վրեմյա»-ում:

Ավելի վաղ Օդեսայի նախկին նահանգապետ Սաակաշվիլին հայտարարել էր, որ արդեն էլեկտրոնային տոմս ունի և պատրաստվում է երկիր վերադառնալ Ուկրաինայում ընտրությունների անցկացումից անմիջապես հետո: Նա վստահություն էր հայտնել, որ ուկրաինացի սահմանապահները կթողնեն իրեն մուտք գործել երկիր:

«Ես այս տարվա ապրիլի 1-ի ամսաթվով էլեկտրոնային տոմս ունեմ: Վարշավայից կթռչեմ Կիև, իսկ 14:05-ին իմ օդանավը վայրէջք կկատարի Բորիսպոլում: Ես ամրագրել եմ այդ տոմսը, քանի որ համոզված եմ՝ Պորոշենկոն ընտրությունների երկրորդ փուլ չի անցնի, և է՛լ ավելի համոզված եմ, որ դրանից հետո ոչ մի սահմանապահ չի կատարի Պորոշենկոյի արձակած՝ իմ մուտքը երկիր արգելող հրամանը»,- ասել էր Սաակաշվիլին:

Նշենք, որ առավոտյան ժամը 11:00-ի դրությամբ հայտնի է, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն մշակել է մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 56,18%-ը, ինչից պարզ է դարձել, որ առաջատարը շոումեն Վլադիմիր Զելենսկին է: Նա հավաքել է 30,27%, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 16,52%, Յուլյա Տիմոշենկոն՝ 13,08% ձայն:

Եթե թեկնածուներից մեկը չհավաքի ձայների կեսից ավելին, ապա ապրիլի 21-ին կկայանա ընտրությունների 2-րդ փուլը: