Չինաստանում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով առնվազն 26 հրշեջ է զոհվել
Չինաստանի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Սիչուան նահանգի հեռավոր լեռներում մարտի 30-ից մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով առնվազն 26 հրշեջ է զոհվել:
Ինչպես նշում է channelnewsasia.com կայքը, կրակի դեմ պայքարելու նպատակով գործի է դրվել մոտ 700 հրշեջ: Իշխանությունների տվյալներով՝ շաբաթ օրվանից շարունակվող հրդեհը սկսվել է 4000 մ բարձրության վրա:
Կիրակի օրվա դրությամբ իշխանությունները կորցրել են կապը 30 հրշեջի հետ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ քամին հանկարծակի փոխել է ուղղությունն ու ահռելի «հրե գունդ» է ստեղծել:
Փրկարարները դեպքի վայրում 26 դի են հայտնաբերել: Այժմ նրանք որոնում են թիմի մյուս չորս անդամին:
Անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է ավելի քան 9000 մարդ:










