Ֆրանսիայում ծխախոտի խանութ ներխուժած և պատանդներ վերցրած երիտասարդը ձերբակալվել է
Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են երիտասարդին, որը երեկ երեկոյան պատանդ էր վերցրել Թուլուզ քաղաքից ոչ հեռու գտնվող Բլանյակ բնակավայրի ծխախոտի խանութի աշխատակիցներին: Այդ մասին թվիթերյան էջում հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները, հաղորդում է ТАСС-ը:
«Բլանյակ. կասկածյալը ձերբակալվել է»,- գրել է նա: Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ոստիկաններին, անվտանգության ծառայողներին և փրկարարներին՝ սառնասրտություն և պրոֆեսիոնալիզմ դրսևորելու համար:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին անհայտ անձը 4 մարդու պատանդ էր վերցրել ֆրանսիական Թուլուզ քաղաքից ոչ հեռու գտնվող Բլանյակ բնակավայրում: Միջադեպը տեղի էր ունեցել տեղի ծխախոտի խանութներից մեկում տեղի ժամանակով մոտ 16:00-ին (երևանյան՝ 18:00):
Ավելի ուշ, 17-ամյա երիտասարդն առաջինը բաց էր թողել 30-ամյա մի կնոջ, իսկ հետո արդեն մյուս երեք կանանց: Նրանք չեն տուժել:










