Թաիլանդի թագավորը հատուկ հրամանագրով իր քրոջը «թագավորի ավագ քույր» տիտղոս է շնորհել

13:07 • 10.05.19

Օրերս պաշտոնապես Թաիլանդի գահը ստանձնած Մահա Վատչիրալոնգկորն (Ռամա Х) թագավորը հատուկ հրամանագրով կարգադրել է իր քրոջը՝ արքայադուստր Ուբոլ Ռատանային նոր տիտղոս շնորհել: Նա արժանացել է «թագավորի ավագ քույր» կոչմանը, գրում է life.ru-ն:

Թագավորական տան հայտարարության մեջ ասվում է, որ նման քայլով միապետը ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել արքայադստերը, որի հետ իրենք վերապրել են ինչպես ծանր, այնպես էլ երջանիկ պահեր, ինչպես նաև ընդգծել բարեփոխումների շրջանակում կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության և այլ կարևոր ոլորտներում նրա գործադրած ջանքերը:

Իր հերթին, արքայադուստրը դիմել է Instagram-ի իր հետևորդներին ու բացատրել, որ նոր տիտղոսն իրեն ոչ մի արտոնություն, առավելություն և պետական պաշտոն չի տալիս: