Ջերմուկում ավարտվել է Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիների հանրահավաքը
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ավարտվել է Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ քաղաքացիների կազմակերպած հանրահավաքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրահավաքի մասնակիցները Երևանի Հանրապետության Հրապարակից և այլ շրջաններից ավտոերթով մեկնել էին Արենի, ապա Ջերմուկ:
Հանրահավաքի նպատակն էր աջակցել Ամուլսար տանող ճանապարհները արդեն 11 ամիս փակած քաղաքացիներին:
Ավտոերթի և հանրահավաքի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Ջերմուկ համայնքի բնակիչները հունիսի 22-ից՝ շուրջ 11 ամիս, դադարեցրել են Ամուլսարում իրականացվող ծրագիրը: Նշվում է, որ գրեթե մեկ տարի անց Ջերմուկ համայնքը և բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ են Ամուլսարում մետաղական հանքի շահագործմանը, դուրս են գալիս փողոց վերահաստատելու իրենց ամիսներ առաջ կայացրած որոշումը։










