Պայքարում եմ, որ իմ երեխաները փողոցում չքաշքշվեն, չունենան այն խնդիրները, որոնք մենք ենք ունեցել. «Պրոտեստի» աղջիկների պայքարը կարծրատիպերի դեմ (տեսանյութ)
Շուրջ 6 տարի է, ինչ փոքրամարմին Անի Սարգսյանը, Նարինե Եղոյանն ու Թինա Վոլկովան զբաղվում են արծաթագործությամբ: Ոչ ստանդարտ արտաքին ու մտածելակերպ ունեցող այս երեք աղջիկները որոշեցին զբաղվել ոչ ստանդարտ մասնագիտությամբ՝ ընտրեցին արծաթագործությունը:
Հիմա Անին, Նարինեն ու Թինան իրենց կյանքն առանց արծաթի չեն պատկերացնում, ներկայիս ձեռքբերումներով բավարարվել չեն ուզում՝ ձգտում են ավելիին:
Ամեն ինչ սկսվեց, երբ Անիին ու Նարինեին մեկ օրում կրճատումներով պայմանավորված ազատեցին աշխատանքից: Ընկերուհիները որոշեցին հիմնել սեփական բիզնեսն ու զբաղվել ձեռքի աշխատանքով:
«Երբ մեզ ազատեցին աշխատանքից, չգիտեինք ինչ անել: Մինչ այդ վարկեր էինք վերցրել, փողի կարիք ունեինք ու մնացել էինք օդի մեջ: Երբ ընկերներով նստած խոսում էինք, նրանք մեզ ասացին՝ ինչո՞ւ մի բան չեք անում, ձեր ձեռքից գալիս է, ու մտածեցինք՝ ինչո՞ւ ոչ, գուցե զբաղվենք ձեռքի աշխատանքով: Ու այդ ժամանակ եկավ արծաթագործությամբ զբաղվելու գաղափարը»,- ասաց Նարինեն:
Աղջիկները արծաթագործություն են սովորել ինքնուրույն՝ դասընթացներ են նայել «Յութուբում», գնել անհրաժեշտ իրերն ու սկսել: Նախ վարձել են մի փոքր տարածք Երևանի ծայրամասում, հետո տեղափոխվել են կենտրոն ու բացել արհեստանոց: Հիմա աղջիկներն ունեն արծաթյա զարդերի փոքրիկ, բայց ակտիվ աշխատող բիզնես, որի անունն է «Պրոտեստ»:
«Պրոտեստ»-ն իրենց համար կարծրատիպերի դեմ պայքարի ու դրանց նկատմամբ տարած հաղթանակի արդյունք է, որն այսօր նախասիրությունից վերածվել է աշխատավայրի:
Աղջիկները պատմում են, որ մատները մուրճով աշխատանքի ժամանակ պարբերաբար վնասել են, բայց դրանից չեն հիասթափվել. կյանքում հանդիպել են ավելի մեծ խնդիրների, որոնց դեմ երեքով են պայքարել:
«Երբ որոշեցինք, որ վերջ, զբաղվում ենք արծաթագործությամբ, հանդիպեցինք կանանց դեմ խտրականության, կանանց դեմ վատ վերաբերմունքի: Արծաթագործ ավագ գործընկերները մեզ ասում էին, թե արծաթագործությունը կնոջ համար չէ, կանայք չեն կարող դառնալ լավ արծաթագործներ: Բայց մենք անտեսում էինք նման կարծիքները:
Ինձ համար չկա այնպիսի աշխատանք, որը կա՛մ կնոջ համար է, կա՛մ տղամարդու: Բոլորն էլ ամեն ինչ կարող են անել, կարևորը ցանկությունն է: Սկզբում, երբ մեզ ասում էին՝ չես կարող, դա մեզ ավելի առաջ էր տանում: Ամեն «չես կարող»-ը լսելուց հետո երկու քայլ առաջ ենք գնացել, ու լավ է, որ ասում էին՝ չես կարող»,- պատմեց Անին:
Նարինեի ու Անիի կյանքում սա առաջին բախումը չէր կարծրատիպային մտածողությանը: Նրանք պատմում են, որ վաղ հասակից տարբերվել են իրենց արտաքինով, վարքով, մտածելակերպով ու պարբերաբար սպիտված են եղել պայքարել «ես»-ը չկորցնելու համար:
«Ես չեմ ուզում փախչեմ խնդիրներից, ուզում եմ մնալ իմ երկրում ու փոխել իմ երկիրը: Ուզում եմ, որ փողոցում տեսնեն ինձ պես աղջկա, ու իրենց համար դա սովորական դառնա, որ ինձնից հետո իմ երեխաները, իմ եղբոր երեխաները չունենան այն խնդիրները, որոնք ես եմ ունեցել, չքաշքշվեն դրանց համար: Ամեն ինչ եղել է, ամեն ինչ, մինչև այն, որ քաշքշել են ինձ: Բայց դա ինձ ուժեղացրել է: Պետք չէ վախենալ, եթե վախենաս, քեզ միշտ էլ ճնշող կլինի: Մենք շփվել ենք այնպիսի կանանց հետ, ովքեր մեզ ասում էին, որ կինը տղամարդուց ցածր է, որովհետև Եվան Ադամի կողից է ստեղծվել: Ո՞նց կարող է կինը նման բան մտածել»,- ասաց Անին:
Նարինեն ևս նշում է, որ հասարակության վերաբերմունքն իրեն չի ընկճել, չի խեղճացրել: «Ես չեմ լացել, չեմ ասել՝ վայ, ես մեղկ եմ, գնամ, չէ, ես տվել եմ պատասխանը, ու ես մտածում եմ իմ նմանների մասին, ես ուզում եմ օգուտ տալ, ոչ թե գլուխս վերցնեմ փախչեմ, ուզում եմ, որ աղջիկները տեսնեն, որ կա նաև այլ ճանապարհ»,- ասաց Նարինեն:
Աշխատանքի ընթացքում իրենց միացել է նաև Թինան, ու կարծրատիպերի դեմ պայքարը շարունակել են երեքով: Նրանք խոստովանում են՝ գուցե ֆեմինիզմն է իրենց միավորել «Պրոտեստ»-ի գաղափարի շուրջ, որովհետև իրենք կնոջ և տղամարդու միջև հավասարությունը հաստատելու ձգտողներ են:










