Սաուդյան Արաբիայում մեծահարուստները սպասուհուն կապել են ծառից՝ թանկարժեք կահույքն արևի տակ թողնելու համար (լուսանկարներ)

23:49 • 16.05.19

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում բնակվող մեծահարուստների տանը որպես սպասուհի աշխատող երիտասարդ ֆիլիպինուհուն պատժելու համար գործատուները նրան կապել են ծառից:

Ինչպես գրում է Oddity central-ը, սպասուհուն պատժել են թանկարժեք կահույքը արևի տակ թողնելու համար: 26-ամյա Լավլի Ակոստա Բարուելոն, դրսում թողնելով կահույքը, որը կարող էր վնասվել արևի ճառագայթներից, բարկացրել է տերերին: Ընտանիքը որոշել է նրան ստիպել զգալ երկար ժամանակ կիզիչ արևի տակ մնալու հետևանքները:

Կապված սպասուհուն լուսանկարել է մեկ այլ ֆիլիպինցի աշխատակից, որը հետագայում հրապարակել է դրանք համացանցում՝ խնդրելով իշխանություններին օգնել շահագործման զոհ դարձած աղջկան: Լուսանկարում երևում է, որ աղջիկն ամուր կապված է ծառից, մինչդեռ այլ աշխատակիցներ իրենց գործով են զբաղված՝ չկարողանալով օգնել սպասուհուն:

Լուսանկարի տարածումից հետո Ֆիլիպինների ԱԳՆ-ն հայտարարություն է հրապարակել՝ հայտնելով, որ քայլեր է ձեռնարկում Բարուելոյին տուն վերադարձնելու ուղղությամբ: Մայիսի 9-ին նա արդեն Մանիլա է հասել և շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին: