ՀՀ-ի և Իրաքի կառավարության միջև տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին նախագիծ է ներկայացվել

17:43 • 17.05.19

ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը e-draft.am կայքում ՀՀ-ի և Իրաքի կառավարության միջև տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին նախագիծ է ներկայացրել։

Նախագծում նշված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Իրաքի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ կողմեր) գիտակցում են տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը, որպես երկու երկրների միջև տեխնիկական, առևտրային, տնտեսական և սոցիալական համագործակցության բարելավման հիմնական ազդակ:

Նրանք ընդգծել են նաև փոխադարձ համագործակցության կարևորությունը տեղեկատվության արդիականացման, հաղորդակցության ցանցերի, ինտերնետի օգտագործման աճի, ծրագրային ապահովման մշակման կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների փոխանակման և այլ բնագավառներում հեռահաղորդակցության ժամանակակից ծառայությունների զարգացման համար:

Հեռահաղորդակցության ոլորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում համատեղ համագործակցության հորիզոնները բարելավելու ու տարբեր հաղորդակցության հավելվածների բնագավառում տեխնոլոգիական զարգացումից օգտվելու և օպտիկական մալուխային ցանցի առնչությամբ երկու երկրների միջև միջազգային կապի հանգույցները վերահսկելու ընդհանուր ցանկությանը հասնելու համար երկու կողմերը պայմանավորվեցին ստորագրել փոխըմբռնման հուշագիրը։