Բելգիայի թագավորը տուգանք կվճարի՝ հայրության ճանաչման թեստ հանձնելուց հրաժարվելու համար
Բրյուսելի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել դատական այն որոշումը, ըստ որի Բելգիայի թագավոր Ալբերտ II-ը պարտավորվում է հայրության ճանաչման թեստ հանձնել` արտաամուսնական կապից ծնված ենթադրյալ դստեր` Դելֆինա Բոելի պահանջով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հակառակ դեպքում` անցած յուրաքանչյուր օրվա համար թագավորական ընտանիքը կվճարի տուգանք` 5000 եվրո գումարի չափով: 2018 թվականի հոկտեմբերին Բրյուսելի դատարանը որոշում էր կայացրել` հաստատելով, որ Ժակ Բոելը Դելֆինայի կենսաբանական հայրը չէ և 84-ամյա Ալբերտ II-ին պարտավորեցրել էր երեք ամսվա ընթացքում հայրության ճանաչման թեստ անցնել:
Երեխայի մայրը, բարոնուհի Սիբիլ դը Սելիս Լոնգշամը, խոստովանել էր, որ 16 տարի շարունակ հարաբերություններ է ունեցել նախկին արքայազն Ալբերտի հետ: Թագավորի փաստաբաններն այդ ժամանակ բողոքարկել էին դատարանի որոշումը: Եթե պարզվի, որ Դելֆինան Ալբերտ II-ի դուստրն է, ապա նա կհավակնի ժառանգության մասի:










