«5-րդ ալիք» ՀԸ–ի սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբանի խոսքով՝ սա քաղաքական հետապնդում է
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Լրագրողների հետ զրույցում Արմեն Թավադյանն ասել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչ հիմքերով է մեղադրվում, ուստի հրաժարվել է ցուցմունք տալ:
«Ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես տվյալ օրը գտնվել եմ դատարանի շենքում, ինչն իմ համար անհասկանալի է, որովհետև քաղաքացին կարող է գտնվել ցանկացած վայրում, որտեղ սահմանափակված չէ: Գործ է հարուցվել, ուղարկվել է դատարան: Ո՞նց կարամ ցուցմունք տամ, եթե ես չեմ հասկանում, թե գործի իմաստն ինչումն է»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ ակտիվիստ Վարդգես Գասպարիի պնդմամբ հենց դատարանում իրեն շշով հարվածել են: Միջադեպից հետո ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, 3 հոգու բերման են ենթարկել, 2-ին՝ հրավիրել բաժին: Նրանց թվում էր նաև Արմեն Թավադյանը:
Արմեն Թավադյանի փաստաբան Նարեկ Ալոյանն էլ ասել է, որ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ծանր զենք դիտարկելով ջրի շիշը:
Փաստաբանն ասել է, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է:
«Ամիսներ առաջ Ռոբերտ Քոչարյանը քննչական մարմին հրավիրվեց վկայի կարգավիճակում ու նրա նկատմամբ անմիջապես մեղադրանք առաջադրվեց: Ամիսներ անց Արմեն Թավադյանը վկայի կարգավիճակով հրավիրվում է, նրա նկատմամբ առաջադրվում է մեղադրանք: Արմեն Թավադյանը հեռուստաընկերության սեփականատեր է, նա բացահայտ կերպով աջակցում է Ռոբերտ Քոչարյանին։ Քննչական մարմնի կողմից նույն գործելաոճով աշխատելը՝ կանչել մարդուն վկայի կարգավիճակով և մեղադրանք առաջադրել, այն էլ՝ Քոչարյանի դատավարության այս փուլում, խոսում է մեկ բանի մասին, որ այս ամենը քաղաքական հետապնդում է»,- ընդգծել է Նարեկ Ալոյանը։










