Կառավարությունը որոշ փաստեր ներկայացնում է որպես ձեռքբերում, բայց դրանց զգալի մասը գործողություններ են, որոնց արդյունքը դեռ տեսանելի չէ. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

12:45 • 17.05.19

Գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը կարծում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստերի մի մասը ներկայացվում է որպես ձեռքբերում, սակայն դրանք գործողություններ են, որոնց արդյունքները դեռևս տեսանելի չեն:

Խաչատրյանն օրինակ է բերում Կառավարության կառուցվածքի փոփոխության որոշումն ու ասում՝ սրա արդյունավետությունն ու վերջնարդյունքը դեռևս պարզ չէ. «Քանի արդյունավետության բարձրացում մենք չենք տեսել, չենք կարող գնահատել այս որոշումը որպես ձեռքբերում: Այսինքն՝ գործընթացը դեռ չի երաշխավորում հաջողությունը: Մի քանի տարի հետո հնարավոր է այնպես լինի, որ տեսնենք՝ ընդհակառակը՝ կատաստրոֆա է եղել: Իմ խորին համոզմամբ՝ այդ գործընթացը հետ կդառնա, այսինքն՝ գյուղատնտեսության նախարարությունը դարձյալ կառանձնանա»:

Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ վարչապետի ներկայացրած որոշ ձեռքբերումներ, առհասարակ, կապ չունեն Կառավարության գործունեության հետ. «Օրինակ՝ կա փաստ՝ ծրագրավորող ընկերություններն իրենց արտադրանքը կարող են վաճառել Google Play հարթակում, բայց սա մասնավոր ընկերություն-մասնավոր ընկերություն հարաբերություն է: Կամ ավելի շատ մարդ սկսել է ավելի շատ գիրք գնել, թանգարան գնալ: Ես հիմա կասկածներ ունեմ, որ գրքերի վաճառքի ավելացումը ՀԴՄ-ներ տպելու հետևանք է: Եթե մենք ասում ենք, որ ավելի շատ ՀԴՄ է տպվել, դա նորմալ է, բայց եթե մենք դա տարածում ենք գրքերի վաճառքի վրա, դա արդեն նորմալ չէ, նույն տրամաբանությամբ կստացվի, որ մարդիկ սկսել են ավելի շատ հաց գնել: Բայց սա չի նշանակում, չէ՞, որ ավելի շատ մարդիկ են հաց սկսել ուտել»:  

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին առնչվող փաստերին, նախկին նախարարն ասում է՝ չի տեսնում Կառավարության գյուղատնտեսական քաղաքականությունը. «Առանձին-առանձին քայլեր տեսնում եմ, բայց հաջողությունն այստեղ երաշխավորված չէ»:

Հարցին՝ Գյուղատնտեսության նախարարության և Էկոնոմիկայի նախարարության միավորման արդյունքում, արդյոք, գյուղատնտեսական ոլորտում բացասական դինամիկա կնկատվի, Խաչատրյանը պատասխանեց՝ նման մտավավախություն ունի. «Եթե գյուղատնտեսությունը պետության համար գերակա ճյուղ է, ապա պետք է մարմին լինի, որն այդ գերակա քաղաքականությունը կիրականացնի: Ի վերջո, ոլորտներն ստանում են նախարարության կարգավիճակ՝ ելնելով իրենց կարևորությունից: Ավելի մեծ ներդրում ունեցող ոլորտ, քան գյուղատնտեսությունն է, մենք չունենք»: 


Մանրամասները՝ տեսանյութում: