Ամերիկուհին 15 տարի ազատազրկման է դատապարտվել շերիֆի օգնական ներկայանալու և ընկերոջը բանտից ազատելու համար

14:10 • 17.05.19

ԱՄՆ Արկանզաս նահանգի բնակչուհի Մաքսին Ֆելդշտեյնը 15 տարի ազատազրկման է դատապարտվել՝ շերիֆի օգնական ներկայանալու միջոցով ընկերոջը բանտից ազատելու համար:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ի սկզբանե 30-ամյա կինը դատապարտվել էր 30 տարի ազատազրկման, սակայն ավելի ուշ դատավորը պատժի չափը նվազեցրել է մինչև 15 տարի:

Պարբերականը մանրամասնում է, որ սիրելիին օգնելու նպատակով Ֆելդշտեյնը 2018թ. հուլիսին կեղծ փաստաթղթեր է ներկայացրել Վաշինգտոնի շրջանային քննչական մեկուսարան, որի աշխատողները, հավատալով դրանց, ազատ են արձակել կալանավորին՝ Նիկոլաս Լոուին:

Քննչական մեկուսարանի աշխատակիցներից երկու օր է պահանջվել հասկանալու, որ կինն իրենց հիմարեցրել է: Նրանք իրենց թույլ տված սխալի մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ շերիֆի իրական տեղակալը զանգահարել է և հայտնել, որ գալիս է Լոուի հետևից:

Զույգը ձերբակալվել է միջադեպից մեկ ամիս անց:

Ինչ վերաբերում է ընկերուհու շնորհիվ կարճատև ազատության մեջ հայտնված Լոուին, ապա նա դատապարտվել է մեկ տարի ազատազրկման:

 

Maxine Feldstein  Nicholas Lowe