Ֆրանսիայում անեսթեզիոլոգը թունավորել է հիվանդներին, նրանցից 9-ը մահացել է
Ֆրանսիական Բեզանսոն քաղաքի դատախազությունը մեղադրանք է առաջադրել 47-ամյա անեսթեզիոլոգ Ֆրեդերիկ Պեշյերին, որն իր գործունեության ընթացքում թունավորել է 24 հիվանդի: Այս մասին հայտնում է BFMTV-ին:
Նրա գործողությունների արդյունքում 9 մարդ մահացել է: Ընդհանուր անզգայացման գործընթացից հետո, վիրահատության ժամանակ, հիվանդները չեն արթնացել: Հիվանդանոցը, որտեղ աշխատել է բժիշկը, խուզարկվել է: Հայտնաբերվել են կալիումի և լիդոկայինի մեծ պաշարներ:
Բժշկի նման գործունեության դրդապատճառները պարզ չեն: Ոստիկանությունը հակված է այն տեսակետին, որ բժիշկը ցանկացել է մահերը վերագրել վիրահատություններին, որպեսզի հետագայում, արդեն վերակենդանացման բաժանմունքում, կարողանա ցուցադրել իր «հմտությունները»:
Մեղադրանքը հաստատվելու դեպքում բժշկին սպառնում է ցմահ ազատազրկում: 2017 թվականին Պեշյերը նման կասկածանքով ձերբակալվել էր, սակայն դատարանը նրան ազատ էր արձակել:










