Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՉԺՀ իր պաշտոնակցին, քննարկվել են կրթական ոլորտում համագործակցության հեռանկարները

19:41 • 17.05.19

Պեկինում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարար Չըն Բաոշընի հետ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման սկզբում նախարար Չընը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՉԺՀ կառավարության կազմակերպած «Արհեստական բանականություն և կրթություն» միջազգային համաժողովին մասնակցելու և նոր ձևաչափի հիմնադիրներից դառնալու համար։

Չընի խոսքով՝ Հայաստանի և Չինաստանի հարաբերություններն այս ոլորտում դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դինամիկ զարգացում են ունեցել։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով համաժողովին հրավիրելու և բարձր մակարդակի ընդունելության արժանացնելու համար, ընդգծել է այն հսկայական առաջընթացը, որը Չինաստանն արձանագրել է կրթության ոլորտում արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառման առումով։

Ըստ նախարար Հարությունյանի՝ հայ-չինական հարաբերությունները ներկայում լուրջ ներուժ ունեն։ Նա գոհունակություն է հայտնել Երևանում Հայ-չինական բարեկամության դպրոցի հիմնադրման վերաբերյալ:

Անդրադառնալով Հայաստանում չինական մշակույթի և կրթության հանրահռչակման հարցում Կոնֆուցիուսի ինստիտուտի դերակատարմանը` նախարարը կարևորել է չինական կողմի պատրաստակամությունն ինստիտուտի հնարավորությունների ընդլայնման հետ կապված:

Նախարար Չընն առաջարկել է համագործակցել արհեստական բանականության ուսումնասիրությունների հարցում՝ ընդգծելով չինական կողմի պատրաստակամությունն աջակցելու տեխնոլոգիաների զարգացման գործում։

Երկու նախարարները քննարկել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՉԺՀ ղեկավարության հանդիպման ընթացքում արծարծված Հայաստանում չինարենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ընդլայնման հնարավորությունը: Այդ համատեքստում նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է իրականացնել փորձնական ծրագիր: Նախարար Չընն իր հերթին Չինաստանի Կրթության նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել առաջարկվող ծրագրին  աջակցել Հայաստանի մասնագետների գործուղման և վերապատրաստումների հարցում։

Քննարկվել է նաև Հայաստանի և Չինաստանի տեխնոլոգիական և բժշկական համալսարանների համագործակցության հարցը։