Թայվանը դարձել է միասեռական ամուսնություններն օրինականացնող առաջին երկիրն Ասիայում
Թայվանում օրենսդիրները հավանության են արժանացրել միասեռական ամուսնություններն օրինականացնող օրինագիծը: Ինչպես նշում է CNN-ը, այս օրենքի ընդունմամբ՝ Թայվանը դառնում է առաջին երկիրն Ասիայում, որն օրինականացրել է միասեռական ամուսնությունները:
Այս օրենքի ընդունումից երկու տարի առաջ կղզու Սահմանադրական դատարանը վճռել էր, որ այն ժամանակ գործող օրենքը, որով ամուսնությունը բնորոշվում է որպես կնոջ և տղամարդու միություն, հակասահմանադրական է: Դատավորների խորհուրդը խորհրդարանին երկու տարի ժամանակ էր տվել փոփոխություններ անելու կամ նոր օրենքներ գրելու համար:
Նոր օրենքն ուժի մեջ կմտնի մայիսի 24-ից: Թեև Թայվանում միասեռականները մեծ թիվ են կազմում, և այստեղ անցկացվող միասեռականների ամենամյա շքերթն ամենամեծն է Ասիայում, մինչ վերոնշյալ օրենքի ընդունումը ամուսնությունների հարցի շուրջ հասարակության շրջանում տարակարծություն էր տիրում:










