Խաբարովսկում բազմազավակ մայրը փորձել է 9 ամսական երեխային խեղդել և պատուհանից դուրս նետել
Ռուսաստանի Խաբարովսկի շրջանի բնակչուհին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման` իր 9 ամսական երեխային խեղդելու և պատշգամբից դուրս նետելու փորձ կատարելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Իլինկա գյուղի 27-ամյա բնակչուհին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, բռնել է իր լաց լինող 9 ամսական տղային, գցել է բազմոցին` ցանկանալով նրան խեղդել: Նա բարձը սեղմել է երեխայի դեմքին»,- գրված է դատախազության հաղորդագրությունում:
Դրանից հետո նա երեխային տարել է չորրորդ հարկում գտնվող իր բնակարանի պատշգամբ, բացել պատուհանը` փորձելով փոքրիկին դուրս նետել: Կնոջը նման քայլից հետ է պահել հարևանը: Բազմազավակ մայրն իրեն մեղավոր չի համարում: Նա նշել է, որ երեխայի մահը չի ցանկացել և խոստովանել է միայն, որ գտնվել է ոչ սթափ վիճակում:










