ԵՊՀ 100-ամյակի շրջանակներում տեղի է ունեցել «ԵՊՀ լավագույն ուսանող» մրցանակաբաշխություն և տոնական համերգ

22:48 • 17.05.19

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում այսօր տեղի է ունեցել «ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100 և ՈւԽ 25-ամյակներին, որին հաջորդել է տոնական համերգ՝ Սոնա Ռուբենյանի և Գարիկ Պապոյանի մասնակցությամբ:

«ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցույթի նպատակն է խրախուսել Երևանի պետական համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների առաջադիմությունը և խթանել նրանց գիտական ու հասարակական ակտիվությունը:

Մրցույթին, ըստ կանոնակարգի, մասնակցում էին ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, որոնք առնվազն 4 կիսամյակ եղել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակի ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև ունեն «ԵՊՀ լավագույն ուսանող»-ին բնութագրող ձեռքբերումներ՝ առաջադիմություն, ներգրավվածություն գիտական աշխատանքներում, մասնակցություն ներհամալսարանական արտալսարանային կյանքին և արտահամալսարանական ակտիվություն` մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում գրանցած հաջողություններ:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու (որպես թեկնածու առաջադրվելու) համար ուսանողները, սահմանված կարգի համաձայն, ներկայացնում են համապատասխան հայտ և անհրաժեշտ կից փաստաթղթեր: Հաղթողի ընտրությունն իրականացվում է մրցութային կարգով, երկու փուլով՝ ներկայացված հայտերի գնահատում և հարցազրույց, որոնց արդյունքում էլ ձևավորվում է մրցույթին մասնակից ուսանողի ընդհանուր միավորը:

ԵՊՀ ռեկտորը, ողջունելով ներկաներին, ասել է, որ հոբելյանական տարին հագեցած է միջոցառումներով, որոնք անցնում են բարձր մակարդակով. «Ես նախանձով եմ նայելու այն ուսանողներին, որոնք ԵՊՀ 100-ամյակի օրերին կդառնան լավագույն ուսանող: Կարծում եմ՝ ամբողջ կյանքում կհիշեն: Ուզում եմ շնորհավորել և ասել՝ մեծագույն պատիվ է լինել համալսարանի լավագույն ուսանող և միևնույն ժամանակ շատ մեծ պարտավորություն, որովհետև մենք՝ բոլոր համալսարանականներս, ունենք այդ պարտավորությունը՝ բարձր պահելու մեր Մայր բուհի պատիվը»:

ԵՊՀ ռեկտորը փաստել է, որ ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվելու են տարաբնույթ միջոցառումներ:

ԵՊՀ լավագույն ուսանողներին շնորհավորել են և նրանց մրցանակները հանձնել ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը և ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը:

Վահագն Վարագյանը շնորհավորել է հատկապես այն համալսարանականներին, որոնք ուսումը կիսատ թողեցին, գնացին Արցախ ու այլևս չվերադարձան՝ հավերժ մնալով ուսանող, այն համալսարանականներին, որոնք ուսումն ավարտելուց հետո մնացին համալսարանում՝ դառնալով դրա նվիրյալները:

«Ուզում եմ շնորհավորել նաև Ուսանողական խորհրդի 25-ամյակի կապակցությամբ: Ես՝ ինքս, արդեն 15 տարի է, ինչ ակտիվորեն աշխատում եմ այդ կառույցի հետ: ՈւԽ-ում աշխատանքները դժվար են, երբեմն՝ անշնորհակալ, բայց դուք աշխատեք՝ բարձր պահելով ձեր, ձեր կառույցի և համալսարանի անունը»,– ասել է նա:

Ռուբեն Մարկոսյանը նշել է, որ երբ ասում են Ալեք Մանուկյան 1, պատկերացնում են համալսարանական հրաշագեղ համալիրը, բայց երբ ասում են համալսարան, առաջին հերթին նկատի են ունենում դասախոսներին և ուսանողներին. «Պատահական չէ, որ մեր հոբելյանական միջոցառումների մեկնարկային շրջանում մենք մեծարում ենք մեր լավագույն ուսանողներին»:

ԵՊՀ պրոռեկտորը փաստել է, որ մրցութային հանձնաժողովի համար բավական դժվար է եղել որոշումներ կայացնելը, քանի որ լավագույնի հավակնորդները միավորներով շատ մոտ էին իրար. «Ես շնորհավորում եմ բոլորին: Դուք արժանի եք կրելու ԵՊՀ ուսանողի բարձր կոչումը»:

Դավիթ Ափոյանն էլ արձանագրել է, որ պատմություն կերտած ԵՊՀ-ն իր գործունեության ընթացքում եղել է միասնականության, համախմբվածության ու ազգային դաստիարակության յուրահատուկ դպրոց:

«Այս տարի նշվում է նաև ԵՊՀ ՈւԽ հիմնադրման 25-ամյակը: Ես վստահաբար կարող եմ ասել, որ բուհի գործունեության հաջողության գործում շատ մեծ է և կայուն ուսանողների դերը: Շատ կարևոր է ուսանողների ակտիվությունը հասարակական, մշակութային, կրթական ու գիտական կյանքում: Ես հավատում եմ, որ մեր բուհը մի օր կդառնա աշխարհի առաջատար բուհերից մեկը, թեև այդ ճանապարհը դժվարին է և խրթին, բայց մեր միասնականությամբ մենք կհասնենք դրան»,- ասել է Դավիթ Ափոյանը:

Հիշեցնենք, որ մրցույթի հաղթողների համար սահմանված է անվանական կրթաթոշակ:

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի լավագույն ուսանող ճանաչված Լիպարիտ Ղազարյանը ասել է, որ անչափ ուրախ է, որ հենց հոբելյանական տարում է ճանաչվել լավագույնը. «Այս մրցանակը ոչ միայն խրախուսող է, այլև անչափ պարտավորեցնող: Հավերժ կհիշեմ ու պատվով կկրեմ այս տիտղոսը»:

«ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը հետևել է տոնական համերգ՝ Սոնա Ռուբենյանի և Գարիկ Պապոյանի մասնակցությամբ, որոնք հանդես եկան ճանաչված ու սիրված երգերով:

Ստորև ներկայացվում են «Լավագույն ուսանող-2019» մրցույթում հաղթող ճանաչված և լավագույնի կոչմանն արժանացած ուսանողները`

Վլադիմիր Հայրապետյան - Քիմիայի ֆակուլտետ
Սոնա Մովսիսյան - Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
Քրիստինե Օհանյան - Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
Արամ Նազարյան - Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
Անի Հակոբյան - Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
Մերի Փանոսյան - Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Տաթևիկ Դունամլյան - Արևելագիտության ֆակուլտետ
Թամարա Գասպարյան - Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Վարդազար Քոթանջյան - Ֆիզիկայի ֆակուլտետ
Չնաշխարհիկ Մովսիսյան - Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
Հրանտ Ջիլավյան - Իրավագիտության ֆակուլտետ
Լիպարիտ Ղազարյան - Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
Բաբկեն Հովհաննիսյան - Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ
Սիրանուշ Բաղումյան - Պատմության ֆակուլտետ
Վահագն Գևորգյան - Կենսաբանության ֆակուլտետ
Սրբուհի Միչիկյան - Սոցիոլոգիայի ֆակուլտետ
Բելլա Սաղյան - Ռուս բանասիրության ֆակուլտետ
Վահագն Ամիրջանյան - Հայ բանասիրության ֆակուլտետ
Մանե Ալեքսանյան - Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
Սյուզաննա Շահնազարյան - Իջևանի մասնաճյուղ