Միջպետական ավիացիոն կոմիտեն ավարտել է «Շերեմետևո»-ում հրդեհված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը
Միջպետական ավիացիոն կոմիտեն (IAC) տեղեկացրել է, որ ավարտել է մայիսի 5-ին «Շերեմետևո»-ում հրդեհված SSJ 100 ինքնաթիռի երկու «սև արկղերի» վերծանումը, այժմ կատարվում է ստացված տեղեկության վերլուծություն, հաղորդում է ТАСС-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը հետաքննող հանձնաժողովը, ըստ ՌԴ օրենսդրության, տեղեկությունը փոխանցել է Ռուսաստանի Դաշնության ավիացիոն ծառայությանը:
Նշվում է, որ տեղեկության վերլուծությունն ամբողջությամբ կավարտվի մայիսի վերջին: Մասնավորապես հայտնի կդառնան վթարի պահին օդանավի անձնակազմի, դիսպետչերների գործողությունները:
Միջպետական ավիացիոն կոմիտեից հայտնել են նաև կոմիտեի տեխնիկական հանձնաժողովի համագործակցում է աղետի հետաքննության համար ստեղծված կառավարական հանձնաժողովի հետ՝ ավիավթարի հանգամանքները պարզելու և զոհվածների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Հիշեցնենք, որ Մոսկվայից Մուրմանսկ ուղևորվող օդանավը վթարվել է մայիսի 5-ին: Օդ բարձրանալուց 28 րոպե անց այն վերադարձել է օդանավակայան, վայրէջքի պահին օդանավը հրդեհվել է: Թեև տարհանման աշխատանքներն օպերատիվ կերպով են կազմակերպվել, 78 ուղևորից և անձնակազմի անդամներից միայն 37-ին է հաջողվել փրկել:










