Կարակասի հյուրանոցներից մեկում բանակի գեներալի դի է հայտնաբերվել
Կարակասի հյուրանոցներից մեկում մահացած են գտել վենեսուելական բանակի գեներալ Հեսուս Ալբերտո Էրնանդեսին, որը Բոլիվարյան ազգային հետախուզության ծառայության նախկին ղեկավար Մանուել Ֆիգերոյի մտերիմներից էր: Այդ մասին Известия-ի փոխանցմամբ՝ հայտնել է El Pitazo-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Էրնանդեսին հայտնաբերել են զինվորական համազգեստով և ատրճանակը ձեռքին: Որոշ տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել: երկրի իշխանությունները հետաքննություն են սկսել գեներալի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նշվում է, որ Ֆիգերոն համարվում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանության դեմ զինվորականների մասնակցությամբ ձախողված ցույցերի առաջնորդներից մեկը:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Վենեսուելայում հեղաշրջման փորձ էր արվել, ինչին մասնակցել էին նաև զինվորականներ: Մայիսի 9-ին Մադուրոն հրամայել էր բանակի շարքերից հեռացնել 55 զինվորականի, այդ թվում՝ Հետախուզության ծառայության ղեկավար Մանուել Ֆիգերոյին:










