Կայացել է «ԵՊՀ լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը. լավագույն ուսանողները, բրոնզե հուշամեդալից զատ, արժանացան անվանական կրթաթոշակի

13:10 • 18.05.19

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես պարգևատրվեցին Մայր բուհի լավագույն ուսանողները` «ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում: Հաշվի առնելով ԵՊՀ-ի հոբելյանական 100 և ՈՒԽ-ի 25 տարիները՝ համալսարանի գիտական խորհուրդը որոշեց ավանդական բրոնզե հուշամեդալից զատ, լավագույն ուսանողներին արժանացնել 50 հազար դրամաչափով անվանական կրթաթոշակի: Մրցանակաբաշխության արարողությանը հաջորդեց տոնական համերգը` Սոնա Ռուբենյանի և Գարիկի մասնակցությամբ:

Լավագույն ուսանողների ընտրությունը կազմակերպվել է «լավագույն ուսանող» մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն: Գործընթացը խիստ կանոնակարգված էր, ուսանողները կարող էին ինքնաառաջադրվել: ԵՊՀ-ի լավագույն ուսանող կոչմանն արժանանալու համար ուսանողները ներկայացնում են համապատասխան հայտն ու դրան կից անհրաժեշտ փաստաթղթեր: Ըստ ներկայացված փաստաթղթերի` յուրաքանչյուր ֆակուլտետից ընտրվում է երեք ուսանող: Եռյակը հրավիրվում է հարցազրույցի, որի հանձնաժողովը բաղկացած է ռեկտորատի շուրջ 7-8 անդամներից, ֆակուլտետի դեկանից, ֆակուլտետի ուսանողական խորհրդի ներկայացուցչից, ուսանողական գիտական ընկերության նախագահից և այլն:

Ընտրության ընթացքում գնահատվել են ուսանողների գերազանց առաջադիմությունը, հասարակական, մարզական ակտիվությունը, գիտական և ստեղծագործական ներուժը: Tert.am-ի հետ զրույցում ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նշեց. «Ցանկացած համակարգ հնարավոր է զարգացնել, եթե մարդու աշխատանքը գնահատվում է: Ուսանողի համար աշխատանքի գնահատականի լավագույն դրսևորումը նրան խրախուսելն ու լավագույն ուսանող կոչմանն արժանացնելն է»:

«ԵՊՀ լավագույն ուսանող» արարողության մեկնարկը տվեց համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նրա խոսքով՝ ամբողջ տարին հագեցած է լինելու տոնակատարություններով. «Ցանկանում են շնորհավորել Մայր բուհի բոլոր սաներին, մեծ ուրախություն է ԵՊՀ-ի ուսանող լինելը: Մենք բոլորս ունենք համալսարանի պատիվը բարձր պահելու պարտավորությունը»

ԵՊՀ-ի ՈՒԽ-ի նախագահ Դավիթ Ափոյանը, մրցանակը հանձնելով Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի լավագույն ուսանողին, հավելեց. «Մեր պատմության կերտած համալսարանը եղել է ազգային դաստիարակության մի մեծ դպրոց: Շատ կարևոր է ուսանողների ակտիվությունը: Անկախ մեր նախասիրություններից՝ մենք պետք է հասկանանք, որ մեր Մայր բուհը մեկն է ու պետք է ծաղկեցնել այն»

Ափոյանի ելույթով ավարտվեց մրցանակաբաշխության հատվածը՝ բեմը տրամադրելով երաժիշտներին: