«Արթիկ» ՔԿՀ-ում միջադեպ է տեղի ունեցել դատապարտյալների միջև. փորձել են դանակահարել Վարդան Ղուկասյանի եղբորորդուն

11:52 • 21.05.19

Մայիսի 19–ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում միջադեպ է տեղի ունեցել երկու դատապարտյալների միջև։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից Տիգրան Տոնոյանը:

«Խցում տեղի է ունեցել վիճաբանություն, մեկը մյուսին մարմնական վնասվածքներ են պատճառել: Դատապարտյալներին  տեղում բուժօգնություն են ցուցաբերվել, նրանց հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել»,- նշեց նա:

Տիգրան Տոնոյանի խոսքով՝ փաստի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:

News.am-ի տեղեկություններով՝ կալանավայրում փորձել են դանակահարել Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ  պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. հուլիսի 22-ին, Արտյոմ Կարապետյանի՝ («Շեկո») սպանության մեջ մեղադրվող՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 235 հոդվածի 1-ին մասով(ապօրինի կերպով զենք–զինամթերք կրելը) և դատապարտել էր 17 տարվա ազատազրկման։