Կառավարությունը երկու համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին որոշում կկայացնի

19:45 • 22.05.19

Վաղը կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում որոշում կկայացվի ՀՀ Շիրակի մարզի Գետափի համայնքի ղեկավարի և Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին:

Ըստ հիմնավորման` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գետափ համայնքի  ղեկավար Գոռ Ստեփանյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: 2019 թվականի ապրիլի 19-ին Գոռ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: 

Շիրակի մարզի Գետափ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է 2019 թվականի սեպտեմբերի 29-ը:

Իսկ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի  ղեկավար Նորայր Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2018 թվականի հունիսի 10-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով, այն է՝ համայնքի ղեկավարի կողմից վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ  չհրավիրելու, ս.թ. ապրիլի  13-ին Վանևան համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում:

Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի  ղեկավարի արտահերթ ընտրություն համար ևս առաջարկվում է 2019 թվականի սեպտեմբերի 29-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունը որոշում էր կայացրել, որ հունիսի 9-ին  Արմավիրի մարզի Ապագա և Վարդանաշեն համայնքներում, Արմավիրի մարզի Նորակերտ և Արարատի մարզի Սիս համայնքներում կանցկացվեն արտահերթ ընտրություններ: