Մերձմոսկովյան շրջանում հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի մահվան պատճառ դարձած ծեծկռտուքի գործով ևս մի հայ է կալանավորվել

18:04 • 10.06.19

Կալանավորվել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի մահվան պատճառ դարձած ծեծկռտուքի ութերորդ մասնակիցը:

«Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի քաղաքային դատարանի որոշմամբ՝ բավարարվել է կասկածյալ Համլետ Ռոմիկի Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին միջնորդությունը», - Взгляд-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվել է դատարանում:

Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի «Մարդկանց խմբի կողմից նախապես ծրագրված խուլիգանություն» հոդվածով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործով ձերբակալված 7 կասկածյալները ևս կալանավորվել են:

Հիշեցնենք, որ Նիկիտա Բելյանկինը մահացել է անցյալ շաբաթվա վերջին՝ միջամտելով մերձմոսկովյան Պուտիլկովո շրջանում տեղի ունեցող ծեծկռտուքին և փորձելով պաշտպանել անհայտ տղամարդուն, որը ծեծի էր ենթարկվում 10 մարդու կողմից: Բելյանկինը դանակի հարված է ստացել, որը մահացու է եղել: 

«Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ն ավելի վաղ գրել էր, որ գործի շրջանակում ձերբակալվել են ՀՀ քաղաքացի Նարեկ Ստեփանյանը (ծնված 1992 թվականին), որը «Բիր Հաուս»-ում բարմեն էր աշխատում, մոսկվաբնակ տնտեսագետ Սուրեն Մարկոսյանը (1978թ.) և գործազուրկ Սերգեյ Խոջաևը (1977թ.):