Նուր-Սուլթանից հետո այժմ էլ Ալմաթիում են բողոքի ցույցեր ընթանում, կան բերման ենթարկվածներ (լուսանկարներ)
Ղազախստանում երեկ անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ հավաքվել են Ալմաթի քաղաքի կենտրոնական հրապարակում՝ բողոքի ցույց իրականացնելու, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ոստիկանության, Ազգային գվարդիայի աշխատակիցներն ու Արագ արձագանքման հատուկ ջոկատի անդամները շրջափակել են հրապարակը, այնտեղ պարեկային մեքենաներ են տեղակայվել: Ոստիկանությունը բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին, ներկա պահին հայտնի է 30 բերման ենթարկվածի մասին:
Ցույցի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը բերման ենթարկվելու ժամանակ վատացել է, նրա համար շտապօգնություն են կանչել:
Հայտնի է, որ հունիսի 9-ին բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել նաև մայրաքաղաք Նուր-Սուլթանում: Ցույցերի ժամանակ ընդհանուր առմամբ 500 քաղաքացի է բերման ենթարկվել:
Ավելի վաղ Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել էր նախագահական ընտրություններում Քասիմ Ժոմարտ Տոկաևի հաղթանակի մասին: Վերջինս մարտին երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո ստանձնել էր նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
Մայրաքաղաքում անցկացված ցույցերը՝ ֆոտոշարքով.





















