«Ադրբեջանում կրկին հաղթում է Տոկաևը». BBC-ի ռուսական ծառայությունը Ղազախստանը շփոթել է Ադրբեջանի հետ
BBC-ի ռուսական ծառայությունը Ղազախստանը շփոթել է Ադրբեջանի հետ և Ղազախստանում կիրակի անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների մասին նյութը վերնագրել «Ադրբեջանում կրկին հաղթում է Տոկաևը. Փողոցներում անկարգություններ են, բերման է ենթարկվել ավելի քան 500 մարդ»:
Որոշ ժամանակ անց BBC-ի ռուսական ծառայության խմբագրակազմը շտկել է սխալը, սակայն կայքում արված սխալի սքրինշոթերը տարածվել են համացանցում:
Որոշ օգտատերեր քննադատել են լրատվամիջոցին ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի համար, որոշներն էլ հումորով են վերաբերվել դրան:
Ի դեպ, սխալը չի վրիպել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի աչքից, որը համապատասխան սքրինշոթը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր արտահերթ նախագահական ընտրություններում Քասիմ Ժոմարտ Տոկաևի հաղթանակի մասին, որը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել երկիրը մոտ 30 տարի ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո:
Ղազախստանի իրավապահ մարմինները երկրում հունիսի 9-ին և 10-ին անցկացված չարտոնված ցույցերի ժամանակ շուրջ 700 մարդու են բերման ենթարկել:
«Առաջին օրը 500 մարդ է բերման ենթարկվել, երկրորդ օրը՝ շուրջ 200»,- ասել է ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նուրդիլդա Օրազը:
Նրա խոսքով՝ 2 օրվա մեջ շուրջ 550 քաղաքացի վարչական պատասխանատվության է ենթարկվել:











