«Վրաստանը կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին». Լևան Իզորիա
Վրաստանը կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին: Այդ մասին այսօր ադրբեջանական Գաբալայում իր ադրբեջանցի և թուրք գործընկերների հետ եռակողմ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, գրում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:
«Մեր ռազմավարական գործընկերության հիմնական չափորոշիչներից մեկը զորավարժությունների անցկացումն է: Մենք այսօր որոշում ենք ընդունել, որ Վրաստանը նույնպես կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժություններին»,- ասել է Իզորիան ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներն այսօր ավելի վաղ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի Գաբալա քաղաքում հունիսի 12-ին տեղի կունենա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը:










