Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակումից հետո ԱՄՆ-ն շրջան է ուղարկում Mason (DDG 87) հրթիռային ականակիրը

10:24 • 14.06.19

Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակումից հետո ծոցի շրջան է ուղարկում Mason (DDG 87) հրթիռային ականակիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM) հղումով:

Նախօրեին իրանական ու արաբական լրատվամիջոցները հայտնել էին Front Altair և Kokuka Courageous նավթային լցանավերի վրա հարձակումների մասին: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ տորպեդահարման հետևանքով նավերի վրա պայթյուն էր տեղի ունեցել, ինչից հետո նավերը հրդեհվել էին: Front Altair-ի անձնակազմի անդամներին տարհանել էին և տեղափոխել Իրան: Վաշինգտոնը կատարվածի համար մեղադրել է Թեհրանին: Իրանը հերքում է մեղադրանքները:

Հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ Kokuka Courageous-ի անձնակազմի 21 անդամ գտնվում է ամերիկյան Bainbridge ականակրի վրա:

«Մենք չենք հանդուրժի ոչ մի միջամտություն ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի գործողություններին»,- ասել են CENTCOM-ում:

Հրամանատարությունից նաև հայտնել են, որ Իրանի հետ պատերազմն ԱՄՆ ռազմավարական և միջազգային հանրության շահերից չի բխում, սակայն ամերիկացիները և նրանց դաշնակիցները պատրաստ են պաշտպանել տարածաշրջանում նավագնացության ու առևտրի ազատությունը:

Mason (DDG 87) ականակիրը զինված է այդ թվում նաև Tomahawk հրթիռներով: