Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակումից առաջ Իրանը հրթիռ է արձակել ամերիկյան անօդաչու թռչող սարքի ուղղությամբ. CNN
Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա հարձակումից ժամեր առաջ, իրանցի զինվորականները «ցամաք-օդ» դասի հրթիռ են արձակել ամերիկյան անօդաչու թռչող սարքի ուղղությամբ, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը նշում է, որ նման տեղեկություն է հայտնել ամերիկացի մի պաշտոնյա: Նրա տվյալների համաձայն՝ իրանցիները նկատել են ծոցի շրջանում ամերիկյան անօդաչուն և դրա ուղղությամբ հրթիռ արձակել:
«Հրթիռը թռել է սարքի կողքով և ընկել ջուրը»,- ասել է պաշտոնյան, որի անունը չի նշվում:
Մինչ միջադեպը, ամերիկյան MQ-9 Reaper անօդաչուն հետևել է՝ ինչպես են իրանական նավերը մոտենում լցանավերին:
Հունիսի 13-ին իրանական ու արաբական լրատվամիջոցները հայտնել էին Front Altair և Kokuka Courageous նավթային լցանավերի վրա հարձակումների մասին: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ տորպեդահարման հետևանքով նավերի վրա պայթյուն էր տեղի ունեցել, ինչից հետո նավերը հրդեհվել էին: Front Altair-ի անձնակազմի անդամներին տարհանել էին և տեղափոխել Իրան:
Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակումից հետո ծոցի շրջան է ուղարկել Mason (DDG 87) հրթիռային ականակիրը: Երկիրը կատարվածի համար մեղադրել է Թեհրանին: Իրանը հերքում է մեղադրանքները:










