Թրամփը գովել է իր կուսակիցներին, որոնք դեմ են քվեարկել իր «ռասիստական» հայտարարությունը դատապարտող բանաձևին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոհունակություն է հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում բանաձևի քվեարկության ժամանակ իր ղեկավարած Հանրապետական կուսակցության անդամների միասնության առնչությամբ, որոնք դեմ են քվեարկել իր «ռասիստական» հայտարարությունը դատապարտող բանաձևին:
«Ինչ լավ է տեսնել՝ որքան միասնական էր Հանրապետական կուսակցությունն այսօրվա քվեարկության ժամանակ, որը վերաբերում էր Դեմոկրատական կուսակցության 4 կին կոնգրեսականներին: Եթե իսկապես վատ հայտարարություններ եք ուզում, լսեք, թե ինչ սարսափելի բաներ են ասում նրանք մեր երկրի, Իսրայելի և շատ այլ բաների մասին: Հիմա նրանք Ներկայացուցիչների պալատի ամենացայտուն դեմոկրատ անդամներն են, որոնցից դառնությունն ու ատելությունն անբաժան է»,- թվիթերյան իր էջում գրել է Թրամփը:
Բանաձևն, այնուամենայնիվ, ընդունվել է 240 կողմ և 187 դեմ ձայներով, ընդ որում՝ բանաձևի աջակիցների շարքերում մի քանի հանրապետական է եղել:
Բանաձևը, որը Սպիտակ տան ղեկավարի համար իրավական հետևանքներ չի ունենա, պատրաստվել է դեմոկրատ կոնգրեսական Թոմ Մալինովսկիի կողմից: Փաստաթղթի տեքստի համաձայն՝ «վճռական կերպով դատապարտվում են նախագահ Թրամփի ռասիստական հայտարարությունները, որոնք օրինականացրել և ուժեղացրել են նոր ամերիկացիների նկատմամբ վախն ու ատելությունը»:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Դոնալդ Թրամփն արտահայտվել էր Դեմոկրատական կուսակցության մի քանի կին անդամների հասցեին: Շատերը նրա արտահայտությունը ռասիստական և վիրավորական էին համարել:
Սպիտակ տան ղեկավարն առաջարկել էր, որ նրանք, փոխանակ «բարձրաձայն ու չարաբար» ամերիկացիներին ասեն՝ ինչպես կառավարել ԱՄՆ-ն, հետ վերադառնան և օգնեն ամբողջությամբ ավերված ու հանցավորությամբ հեղեղված այն վայրերին, որտեղից եկել են:










