Կալիֆոռնիայի ափերին հրդեհված նավի զոհերի թիվը հասել է 8-ի

06:26 • 03.09.19

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կրուզ կղզու ափերի մոտ Conception զբոսաշրջային նավի հրդեհման և խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի: 4 զոհվածի մարմին հայտնաբերվել էր ավելի վաղ, ևս 4-ինը՝ ավելի ուշ: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով Սանտա Բարբարայի շրջանի ոստիկանապետ Բիլ Բրաունին:

Ավելի վաղ ԱՄՆ առափնյա պահպանության ներկայացուցիչը հաղորդել էր, որ խորտակված նավի տարածքում հայտնաբերվել է չորս զոհի դի՝ երկու տղամարդու և երկու կնոջ: Մյուս չորս զոհվածների ինքնության մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Կալիֆոռնիայի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 1981թ.-ի արտադրության Conception նավի վրա, որն ուներ 23 մետր երկարություն: Հնարավոր է եղել փրկել անձնակազմի 5 անդամի, նրանք չնչին վնասվածքներ են ստացել, մինչդեռ 34 ուղևոր անհետ կորած է համարվում: