Բորիս Ջոնսոնը եղբորն «արտակարգ և շնորհալի նախարար» է անվանել և հայտնել, որ Brexit-ն իր ընտանիքում «պառակտումներ» է մտցրել

10:51 • 06.09.19

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ ելույթի ժամանակ խոսել է եղբոր անակնկալ հրաժարականի մասին, ինչպես նաև հայտնել է, որ Brexit-ն իր ընտանիքում «պառակտումներ» է մտցրել, գրում է Daily Mail-ը:

Իր ելույթի ընթացքում վարչապետը հայտնել է, որ անցյալ գիշեր եղբոր հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերջինիս հուսահատորեն հորդորել է չլքել համալսարանների և գիտության հարցերով կրտսեր նախարարի պաշտոնը, սակայն նրա հորդորներն անպատասխան են մնացել:

Բորիս Ջոնսոնը եղբորն «արտակարգ և շնորհալի նախարար» է անվանել և հավելել, որ դա վերջինիս համար «հեշտ» որոշում չի եղել:

Հարցին, թե ինչու որևէ մեկը պետք է սատարի նրա՝ Brexit-ի ռազմավարությանն այն պարագայում, երբ նույնիսկ սեփական եղբայրը դժվարացավ վստահել, Բորիս Ջոնսոնը պատասխանել է. «Նա (Ջոզեֆ Ջոնսոնը) արտակարգ մարդ է և փայլուն նախարար էր գիտության և համալսարանների համար. նա այս երկրի և մեզ համար անգնահատելի աշխատանք է կատարել: Ջոնը համամիտ չէ ԵՄ-ի հարցում իմ դիրքորոշմանը. վիճելի հարց, որը, ակնհայտորեն, պառակտումներ է մտցնում ընտանիքներում»:

Իսկ լրագրողի այն հարցին, թե Brexit-ի շուրջ ստեղծված քաոսի ֆոնին արդյոք Ջոնսոնների ընտանիքի հաջորդ անդամը, որ հրաժարական կտա, նա է, վերջինս «ճարպկորեն շրջանցել է հարցը»:

«Ես միանգամայն վճռական եմ տրամադրված դրա (Brexit-ի) իրագործման հարցում»,- հայտնել է վարչապետը և հավելել, որ նա ստանձնել է ժողովրդի մանդատը, ուստի պետք է գործի նրանց շահերից ելնելով:

«Մեր երկրում առկա է ժողովրդավարություն, և մեր գործելաոճի հիմքում ընկած են Բրիտանիայի ժողովրդի որոշումները, իսկ խորհրդարանականները երդում են տալիս պահպանել այդ որոշումը»,- ասել է նա:

Մեծ Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ իր պարտքն է հարգել Համայնքների պալատում ԵՄ-ի վերաբերյալ 2016-ի հանրաքվեի արդյունքը (որով բնակչության մեծամասնությունը քվեարկել էր ԵՄ-ից դուրս գալու օգտին):

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եղբայրը՝ Ջոզեֆ Ջոնսոնը, հայտարարել էր համալսարանների և գիտության հարցերով կրտսեր նախարարի պաշտոնից հեռանալու մասին:

Նրա խոսքով՝ նա պաշտոնից հեռանում է, քանի որ «վերջերս երկու կես է լինում ընտանիքի և ազգային շահերի միջև»: Նա մատնանշել է, որ իր համար պատիվ էր 9 տարի աշխատել որպես նախարար երեք վարչապետների օրոք: