Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է ԳԴՀ նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին. կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարար Մնացականյանը շնորհավորել է Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-գերմանական քաղաքական երկխոսության դինամիկան ամրապնդելու գործում:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև առկա երկկողմ օրակարգն առավել խորացնելու և հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին և երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին:
ԱԳ նախարարը նաև ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության շուրջ զարգացումները՝ մասնավորապես ՀԸԳՀ-ի և վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համատեքստում։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի:










